Նախօրեին Արմավիրի երեք համայնքների համար օրը հաճելի իրադարձություններով լի էր: Էջմիածնի տարածաշրջանի Աղավնատուն համայնքում բացվեց նորակառույց բուժամբուլատորիան: Նոր բուժամբուլատորիա կառուցելու համար համաշխարհային բանկը տրամադրել էր մոտ 53 մլն դրամ: Ըստ առողջապահության նախարարի, նախկին շենքը, որը կառուցվել էր 1950 թվ-ին, վերանորոգել կամ վերակառուցելն անհնար էր, այդ իսկ պատճառով որոշվել էր բուժամբուլատորիայի նոր շենք կառուցել: Նոր էր կառուցվել նաև Արմավիրի տարածաշրջանի Սարդարապատ համայնքի բուժամբուլատորիան, որի համար կրկին համաշխարհային բանկի կողմից հատկացվել էր 56 մլն դրամ: Առողջապահության նախարարի խոսքով Արմավիրի մարզում դեռևս անհրաժեշտություն կա վերանորոգել կամ վերակառուցել 7 ամբուլատորիաներ, սակայն առավել հրատապ է դրանցից երկուսը, որոնք, ըստ նախարարի, կընդգրկվեն հաջորդ տարվա ծրագրում: Մինչև տարեվերջ կսկսվի նաև Ակնալիճ համայնքի բուժամբուլատորիայի վերակառուցումը և Մեծամորի պոլիկլինիկայի տարածքի վերանորոգումը: Վանանդ համայնքի բնակիչներն էլ մանկապարտեզի բացումը տոնեցին: 2012թվ-ին վանանդցիները վարչապետին մանկապարտեզ կառուցելու խնդրանքով էին դիմել, Տիգրան Սարգսյանի հանձնարարականով էլ Վանանդի դպրոցի մի մասնաշենքը վերակառուցվել էր և հիմա կծառայի որպես մանկապարտեզի շենք: Բուժամբուլատորիաների և մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բուժանձնակազմն ու մանկապարտեզի աշխատակազմը իրենց շնորհակալությունը հայտնեցին վարչապետին, իսկ Վանանդում ևս մեկ խնդրանքով դիմեցին: Դպրոցի տնօրենը դպրոցի սպորտդահլիճը վերանորոգելու համար գումար խնդրեց: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս հարցում էլ ընդառաջեց վանանդցիներին, հանձնարարեց դահլիճը վերանորոգելու համար նախահաշվարկ կատարել: Վարչապետը եղավ նաև Նոյան բնական հյութերի գործարանում, ծանոթացավ գործարանի արտադրական հզորություններին, մթերման ընթացքին և կազմակերպչական աշխատանքներին: