Ջրաշենցի Նշան Հակոբյանը 2.5 հա պտղատու այգի ունի: Նրա բերքն այս տարի ամբողջությամբ կարկուտը վնասել է: Հակոբյանն այգու մշակության համար վարկ էր վերցրել, իսկ կարկուտից հետո անձամբ լսել վարչապետի խոսքը՝ կարկուտից 100 տոկոսով տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունների համար վարկերի մարումը կհետաձգվի 3 տարով: Այդ նպատակով Հակոբյանը դիմել է իր վարկատու ՔարտԱգրոԿրեդիտբանկին խնդրանքով՝ հետաձգել վարկի մարումը 1 տարի ժամկետով: Բանկն ընդառաջ է գնացել հաճախորդի խնդրանքին և առաջադրել նոր պայմաններ, որն էլ Հակոբյանին շփոթության մեջ է գցել: Խնդիրը նրանում է, որ Հակոբյանը վարկը վերցրել է 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Բանկը Հակոբյանի վարկը 1 տարի ժամկետով երկարաձգելու պայմանով սահմանել է 20 տոկոս տոկոսադրույք: Արդյունքում Հակոբյանի վարկը մեկ տարի կսպասարկվի 20 տոկոս տոկոսադրույքով, իսկ հաջորդ տարի նախկին պայմանագրով՝ 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Նմանատիպ խնդրի առաջ է կանգնել նաև Վրեժ Ավետիսյանը. նա վարկ է վերցրել «Արեգակ» վարկային կազմակերպությունից, Ավետիսյանի վարկն ընդհանրապես հրաժարվել են երկարաձգել:
Գյուղապետ Խաչատուր Դավթյանն է մտահոգված: Անձամբ զրուցել է բանկերի կառավարիչների հետ, Արեգակում խոստացել էին մեկ տարով երկարաձգել վարկերը, սակայն գյուղացին հակառակն է պնդում, իսկ ՔարտԱգրոԿրեդիտի հետ այդպես էլ ընդհանուր հայտարարի չէին եկել: Ըստ Դավթյանի, առայժմ բանկերի հետ խնդիրը մնում է արդիական, բացառությամբ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկի: