Հունիսի 22-ից Նոյան գործարանի Վանանդի մասնաճյուղը սկսեց ծիրանի մթերման գործընթացը: Ծիրանի մթերման գործընթացին հետևելու նպատակով այսօր «Նոյան» գործարանում էր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նախարարի ծիրանի մեծ մասը վաճառքի դուրս կգա շուկայում, իսկ մնացած բերքը գյուղացին կմթերի վերամշակող կազմակերպություններին: Այս տարի Արմավիրի մարզում կարկտահարությունից զգալի վնասներ կրեց գյուղատնտեսությունը: Կարկտահարված գյուղերում պտղատու այգիների բերքը նկատելիորեն վնասվել էր, բայց, ինչպես նշեց գյուղնախարարը, «Նոյան» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մթերել նույնիսկ վնասված բերքը: «Նոյան» հյութերի գործարանն այս տարի պատրաստվում է մթերել 3000 տոննա ծիրան: Ծիրանի 1 կգ-ը գործարանը կընդունի 50 դրամով: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը գյուղնախարարի հետ միասին հետևեց ծիրանի մթերման աշխատանքներին: Մարզպետը նշեց, որ նախորդ տարիներին Արմավիրի մարզը 40-45 հազար տոննա ծիրանի բերք էր գրանցում, այս տարի կարկուտի պատճառով բերքի կեսը կլինի: Այնուհետև գյուղնախարարը մարզպետի ուղեկցությամբ այցը շարունակեց Արմավիրի մարզի Նոր Կեսարիա և Սարդարապատ համայնքներ: Գյուղնախարարը ծանոթացավ կառավարության կողմից կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրված սերմացուի տված արդյունքներին: