Հունիսի 10-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզային գրադարանում: Նախարարը հանդիպում ունեցավ մարզի համայնքապետերի, արվեստի և երաժշտական դպրոցների տնօրենների հետ: Նախարարը գերադասեց չթվարկել պետական բյուջեով նախորդ տարի մարզում կատարած աշխատանքները, այլ քննարկել առկա խնդիրները: Նախարարն առաջին հերթին համայնքապետերին խորհուրդ տվեց համայնքային գրադարանները, երաժշտական դպրոցները և մշակութային կենտրոնները կենտրոնացնել համայնքների մշակույթի տներում: Համայնքապետերը կողմ էին առաջարկին, բայց դրա համար նախ պետք է լուծվի մշակույթի տան տանիքի հարցը, որը բոլոր գյուղերում ամենաարդիական խնդիրներից է: Խնդիրները շատ էին նաև համայնքային գրադարաններում: Գրականությունը պահպանելու համար չկան շենքային նորմալ պայմաններ, իսկ մարզի մի շարք երաժշտական դպրոցներում ժող. գործիքների պակաս էր զգացվում:
Հասմիկ Պողոսյանը լսելով բարձրացված հարցերը, խոստացավ, որ նախարարության համապատասխան ներկայացուցիչները կայցելեն յուրաքանչյուր համայնքի արվեստի կենտրոն և տեղում կուսումնասիրեն բարձրացված խնդիրը, ինչից հետո նախարարությունը հարցը կներկայացնի նաև կառավարության ղեկավարին: