Կարկուտից տուժած մի քանի գյուղերի բնակիչներ, անտեսելով մասնագետների խորհրդատվությունը, դուրս եկան Արմավիր – Երևան մայրուղի: Պահանջում էին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպում և փոխհատուցման մասին հստակ պատասխան: Մայրուղին փակել գյուղացիներին չհաջողվեց, ոստիկանները թույլ չտվեցին, եղան նաև հրմշտոցներ: Ոստիկանները կենդանի պատ ստեղծեցին մայրուղու և գյուղացիների միջև, վերջիններիս թույլ չտալով իրականացնել ճանապարհը փակելու իրենց մտադրությունը: Ավելի ուշ գյուղացիների հետ հանդիպման եկավ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Վստահեցրեց, որ հանրապետության նախագահին արդեն ներկայացրել է կատարվածի և հետևանքների պատկերը: Գյուղացիներից ժամանակ խնդրեց հնարավորություն ստանալու ճշգրտելու վնասների չափը: