Արմավիրի մարզի սահմանամերձ Բերքաշատ համայնքի գյուղնշանակության հողատարածքների 80 տոկոսը գտնվում է սահմանային գոտում: Այստեղ այգիների կամ բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելը, ըստ բերքաշատցիների, սովորականից ավելի դժվար է: Օրինակ, Բերքաշատը գյուղտեխնիկայի խնդիր ունի և բացը լրացնում է հարևան համայնքների գյուղտեխնիկայի միջոցով, իսկ սահման մուտք գործելու համար անցաթուղթ է անհրաժեշտ: Նույնը պետք է նաև ասենք բերքահավաքի շրջանում ոչ գյուղացի գնորդների ու բերքահավաքին մասնակցող աշխատողների համար, որն ավելորդ դժվարություններ է առաջացնում, ասենք գնորդ կամ աշխատող սեփական հողատարածք ուղեկցելու համար անցաթուղթ պետք է ձեռք բերվի ու դա ժամանակի խնդիր է: Բերքաշատ մեր առաջին այցելության ժամանակ գյուղապետը տեղում չէր, զրուցեցինք գյուղապետի տեղակալի և գյուղացիների հետ: Տիկին Ռուզաննան, ով սահմանային գոտում ծիրանի այգի ունի, վրդովված էր, ասում էր անցյալ տարի թղթաբանության պատճառով 10 տոննա ծիրանի կորուստ է ունեցել, բերքահավաքը ուշացել ու ծիրանը գետնին է թափվել: Բերքաշատցիներից շատերն էին համամիտ Ռուզաննայի հետ: Խնդրի վերաբերյալ մեր հրապարակումն առաջացրել էր գյուղապետ Հարություն Չվչյանի զայրույթը, ով իր զայրույթը չկարողացավ զսպել նույնիսկ, երբ զանգահարեց հեռուստաընկերություն և հայտնեց, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Մենք որոշեցինք կրկին այցելել Բերքաշատ համայնք: Հանդիպեցինք գյուղապետին, ով հանձնարարեց գյուղացիներին հավաքվել գյուղապետարանի բակում ու ասել, որ նման խնդիր գյուղում չկա:
Մի քանի բերքաշատցիներ արձագանքեցին գյուղապետի նախաձեռնությանը, սակայն գյուղապետի ներկայությամբ էլ ոչ բոլորը հերքեցին խնդրի առկայությունը, իսկ նախորդ տարի վնաս կրած տիկին Ռուզանան հրաժարվեց հանդիպման վայր գալ, նույնիսկ այն պարագայում, երբ գյուղապետը տեղակալին հանձնարարեց անձամբ գնալ Ռուզաննայի ետևից:
Խնդրի վերաբերյալ նախորդ իր հարցազրույցը մեղմացրեց միայն Վրեժ Եղիկյանը, որը և բնական էր, քանի որ Եղիկյանը զբաղեցնում է գյուղապետի տեղակալի պաշտոնը: Իսկ գյուղապետը շարունակում է համոզել, հարցը լուծվում է ամենասեղմ ժամկետում, կես կամ ամենաշատը մեկ ժամվա ընթացքում, ծայրահեղ դեպքում մեկ օրվա ընթացքում: Ասում է եթե մյուս սահմանամերձ գյուղերում կա նման խնդիր, ապա Բերքաշատում ինքը հարցը լուծում է համապատասխան մարմինների հետ լավ հարաբերությունների ու վստահության շնորհիվ: