1915 թվ-ին տեղի ունեցավ մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը: Ապրիլի 24-ը, որպես ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունն ամբողջ աշխարհում: 98 տարի է անցել հայոց ցեղասպանությունից, որը ծրագրեց և իրականացրեց թուրքական կառավարությունը, սակայն աշխարհի բոլոր անկյուններում հայերը մեկ րոպե լռությամբ հարգում են 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ի վաղ առավոտից Արմավիրի քաղաքային զբոսայգում գտնվող Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ արմավիրցիները, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով, իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին: Հուշակոթողին ծաղկեպսակներ դրեցին նաև Արմավիրի քաղաքային ու մարզային իշխանությունները, սպասարկող կառույցների, հասարակական կազմակերպությունների և զինվորական կառույցների ներկայացուցիչները: Արմավիրի քահանայաց դասի կողմից տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն: