Արմավիրցին շուտով կտոնի քաղաքային զբոսայգու երկրորդ վերածնունդը,- այս մասին այսօր տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում վստահեցրեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Շուտով կսկսվի այգու մյուս հատվածի ցանկապատումը, կավարտվի խորքային հորի հորատման աշխատանքները, կսկսվի այգում ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Նշենք, որ մոտ 10 օր առաջ էլ զբոսայգում 450 դեկորատիվ ծառ տնկվեց: Այգին դառնալու է «կարգին բուրաստան»,- ասաց քաղաքապետը քաղաքացիներին և հորդորեց ուշադրություն ու հոգատարություն դրսևորել զբոսայգու մաքրության, ինչպես նաև ծառերի պահպանման գործում: Արմավիրի քաղաքային զբոսայգու տնօրեն Արմեն Սիմոնյանը վատառողջության պատճառով աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Ավագանու որոշմամբ Սիմոնյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Ռուբեն Խլղաթյանն աշխատակազմին հիշեցրեց նաև առաջիկայում կազմակերպվելիք երկօրյա շաբաթօրյակի մասին, իսկ «Բարեկարգում» տնօրինության տնօրենին հորդորոեց աշխատակիցներին խորհուրդ տալ քաղաքի աղբահանումը հավուր պատշաճի կազմակերպել, այլապես «Բարեկարգում» տնօրինության աշխատակազմում փոփոխություններն անխուսափելի կլինեն, իսկ քաղաքացիների կողմից աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքում՝ տուգանք սահմանել: