Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայք էջի, Հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա:
Պարզվել է, որ հունվարի 31-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը հրազենից կրակ է արձակել ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Պ. Հայրիկյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ):
Ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտանաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: