Արմավիր քաղաքի բնակիչներ Հենրիկ Հարությունյանը և Գրիշա Սարգսյանը մեղադրվում են հասարակական կարգը խախտելու և քաղաքացիների ներկայությամբ Գյուլվարդ Խաչիկյանին բարձրաձայն հայհոյելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դեպքը տեղի է ունեցել 2011թ. մայիսի 27-ին ժամը 23:30-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության 33 հասցեում գտնվող ինտերնետ ակումբի աստիճանների մոտ: Արմավիրի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց դատական նիստը: Ամբաստանյալ Հենրիկ Հարությունյանը հարգելի պատճառով դատական նիստին չէր ներկայացել: Գործով մյուս մեղադրյալ Գրիշա Սահակյանը նիստին ներկա էր: Մեղադրյալների պաշտպան Էմին Խաչատրյանը դատարանին միջնորդեց հաշվի առնել իր պաշտպանյալի հարգելի բացակայությունը և դատական նիստը հետաձգել: Մեղադրող կողմը չառարկեց և դատարանը որոշեց նիստն ընդմիջել մինչև փետրվարի 7-ը:
Ամբաստանյալների պաշտպան Էմին Խաչատրյանը պնդում է, որ երիտասարդներին վիճաբանության մեջ է ներքաշել տուժող Գյուլվարդ Խաչիկյանը: Ըստ պաշտպանի, ֆիզիկական բռնություն չի եղել, ընդամենը վիճաբանել են: Ավելին, մեկ այլ պատահական հանդիպման ժամանակ Գյուլվարդն է քար նետել երիտասարդների ուղղությամբ: Պաշտպանը վստահեցնում է, դեպքը տեսագրել են: Գյուլվարդ Խաչիկյանը չի հերքում, ասում է վիրավորեցին, ես էլ նրանց ուղղությամբ ոչ թե քար, այլ հողակտոր նետեցի:
Փաստաբան Էմին Խաչատրյանը նշում է, որ գործով տուժողը գրանցված է Արմավիրի բժշկական կենտրոնի հոգեբուժական կենտրոնում որպես հիվանդ: Գյուլվարդ Խաչիկյանը հաստատում է, բայց պնդում է, որ լիարժեք կառավարում է իր գործողությունները և ունի մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, որ առողջ է:
Կրկին մեղադրյալների պաշտպանը պնդում է, որ Խաչիկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ և ի վիճակի չէ ընկալել ու գիտակցել իր գործողությունները, ավելին՝ վստահեցնում է, ապացույցներ ունի տեսագրությունների տեսքով և պատրաստվում է դրանք ներկայացնել դատահոգեբանական փորձաքննության հանձնաժողովին: