Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 26-ին: Այսօր Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Ավանդույթի համաձայն տոնի նախօրեին երիտասարդներն ուտում են աղաբլիթներ: Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի «Սուրբ Սարգիս» երիտասարդաց միությունը տոնի կապակցությամբ հունվարի 25-ի երեկոյան կազմակերպել էր խաչերթ: Արմավիրի թեմի քահանայաց դասի ուղեկցությամբ երիտասարդները Սուրբ Սարգիս եկեղեցու բակից մեկնարկեցին երթը: Երթը Հանրապետության փողոցով շարունակվեց մինչև Մշակույթի տան հրապարակ, որտեղ հոգևորականների կողմից անցկացվեց օրհնության կարգ և երիտասարդներին բաժանվեցին աղաբլիթներ: