Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանը, ով մեղադրվում էր աշակերտի նկատմամբ բռնություն կիրառելու համար, ՀՀ քր. օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով Էջմիածնի ընդհանուր իրավասությունների դատարանը մեղավոր ճանաչեց: Չնայած ամբաստանյալը կրկին չէր ներկայացել դատարան, սակայն դատավոր Վահե Խալաթյանն այսօր ընթերցեց մոտ 8 ամիս ձգձգվող դատաքննության որոշումը: Այն է՝ ամբաստանյալ Ս. Ն-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. Օր. 309 հոդվածի 1-ին մասի հանցագործության կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Սուսաննա Նազարյանի նկատմամբ կիրառել ԱԺ ՀՀ անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ 2011թ. մայիսի 20-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը /համաներում/ և նրան ազատել նշանակված պատժից:
Սուսաննա Նազարյանի շահերի պաշտպան Շիրվանզադե Վարդանյանը պնդում է, դատավճիռն արդարացի չէ, քանի որ քր. գործով՝ 309 հոդվածի 1-ին մասի հանցակազմի ապացուցման մասին հիմքեր չկային և ավելացնում, որ վճիռը բողոքարկելու են:
Տուժող, անչափահաս Ալբերտ Հարությունյանի իրավահաջորդ Արմեն Հարությունյանը գոհ է դատավճռից, ասում է կարևորը, որ մեղավորը պատժվեց:
Կողմերը 30-օրյա ժամկետում հնարավորություն ունեն դիմելու վերաքննիչ դատարան: