Մայիսի 19-ին Արմավիրի 9-րդ մանկապարտեզից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք է տեղափոխվել ևս երկու երեխա նույն գանգատներով՝ փորլուծություն, բարձր ջերմություն, փսխում և ընդհանուր թուլություն: Հիշեցնենք, որ մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում 9-րդ մանկապարտեզից ևս 6 երեխա էր հոսպիտալացվել: Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աննա Պետրոսյանի խոսքով, երկու երեխայի մոտ գրանցվել էր արյունային լուծ՝ լորձաարյունային խառնուրդով: Ըստ Պետրոսյանի, երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրությունից մինչև բավարար:
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, ով Արմավիրի ինֆեկցիոն բաժանմունքում զննում էր երեխաներին, տեղեկացրեց, որ 9-րդ մանկապարտեզի 6 սաների մոտ նույն ինֆեկցիան է՝ դիզինտերիա: 9-րդ մանկապարտեզի սննդից փորձանմուշներ են վերցվել: Մանկապարտեզը փակ կմնա մինչև պարզ կդառնա փորձաքննության արդյունքները:
Նախօրեին ջերմությունով և փորացավով հիվանդանոց են դիմել 6-րդ մանկապարտեզի երկու երեխա: Ծնողներ Անուշ Օհանյանի և Սոնա Ավդոյանի խոսքով, երեխաների ինքնազգացողությունը վատացել է մանկապարտեզից տուն գալուց մի քանի ժամ անց: 5-ամյա Գոռի և 3-ամյա Ալեքսի անալիզների պատասխանը ծնողները դեռ չեն ստացել: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աննա Պետրոսյանից տեղեկացանք, որ երեխաների մոտ աղիքային ինֆեկցիա է, բայց առայժմ հարուցիչը պարզ չէ: Մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանի խոսքով, երեխաների ինքնազգացողությունը մանկապարտեզում վատ չի եղել, ավելի ուշ ծնողներից է այդ մասին իմացել:
Ի՞նչը կարող է լինել երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը, մանկապարտեզի տնօրենը դժվարանում է ասել, բայց վստահ է՝ սնունդը թարմ պատրաստված է եղել, նմուշառուներն էլ՝ վերցված: Բուժքույրն ամեն օր ստուգում է սննդի համը, որակն ու պիտանելիության
6-րդ մանկապարտեզից ևս համապատասխան մարմինները վերցրել են փորձանմուշներ ինչպես սննդից, այնպես էլ գույքից: Մանկապարտեզը գործում է, սակայն այսօր 90 երեխաներից մանկապարտեզ են հաճախել 69-ը: Տնօրենի կարծիքով, մեծ թվով բացակայությունը խուճապի արդյունք է: 7-րդ մանկապարտեզում 90 երեխայից այսօր մանկապարտեզ է եկել 85-ը, մեկը ջերմության, իսկ 4-ը՝ առավոտյան ուշանալու պատճառով մանկապարտեզում չեն: Տնօրենի խոսքով, առավոտյան մանկապարտեզում ստուգումներ են իրականացվել, սննդից փորձանմուշներ են վերցվել, տարածքի սանիտարական վիճակն ուսումնասիրել: 7-րդ մանկապարտեզի սնունդը նույնպես մատակարարվում է «Մաստա» ՍՊԸ-ի կողմից:
Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչը հաստատում է՝ 7-րդ մանկապարտեզից մի երեխա հոսպիտալացվել է, բայց դա առանձին դեպք է դիտարկվել և սննդի թունավորում չի համարվում: Արմավիր քաղաքում գործում է 12 մանկապարտեզ, մանկապարտեզ են հաճախում 1125 երեխա: