86 տարեկան Ռաչիկ Հարությունյանը լաթերով պատսպարված սպասում է իր «խազեին» Սոնային։ Սոնան պարբերաբար կերակուր է բերում ծերունուն։

Ռաչիկ Հարությունյանն ընտանիքով, փախստականի կարգավիճակով, Մեծամոր է եկել ԼՂՀ Շահումյանի շրջանից և բնակություն հաստատել Մեծամոր քաղաքի տնակային թաղամասում։ Տեսողության խնդիրներ ունի, ոտքերը պատված են վերքերով։ Արտաքին աշխարհի հետ շփվում է միայն հարևանուհու՝ Սոնայի միջոցով, ում «խազեին» է կոչում։

Ռաչիկի խոսքով, ունեցել է 3 որդի։ 2 որդին զոհվել են ավտովթարից, երրորդ զավակը տեղափոխվել է Ռուսաստան։ Կինը մահացել է 2 տարի առաջ։ Իրեն կերակուր է բերում Սոնան, ով ստանում է, ծերունու խոսքով, իր  թոշակը:  Անձնագիրը նույնպես Սոնայի մոտ է,- ասաց Ռաչիկ Հարությունյանը։

Տնակը, որտեղ ապրում է Ռաչիկը, հեռու է բնակարան կոչվելուց, ավելի շուտ աղբավայր է հիշեցնում։ Տնակում, բացի պատառոտված ծածկոցներից և լաթերից, կային նաև կոտրտված կահույքի կտորներ և կերակուրի մնացորդով տարբեր տեսակի տարաներ։ Ի դեպ, տարաների մնացորդից կարելի էր պատկերացում կազմել ծերունու խղճուկ ճաշացանկի մասին։

Ռաչիկը սպասում է իր որդուն, ով նրան կտեղափոխի Ռուսաստան։ Ծերանոց կամ տուն-ինտերնատ տեղափոխվելուց հրաժարվում է, ասում է․ «Ամսվա վերջին տղաս կգա ինձ կտանի իր մոտ՝ Ռուսաստան»։

Սոնան, ով բնակվում է ծերունու հարևանությամբ, տանը չէր։ Ավելի ուշ հեռախոսազրույցում ասաց, որ ծերունու 37 հազար դրամ թոշակն ամբողջությամբ ծախսվում է սննդամթերք ձեռք բերելու վրա։ Ռաչիկը ստանում է նաև նպաստ, որը Խչոն խաբում և ձեռքից վերցնում է։ Սոնայի խոսքով, բազմիցս անձամբ զանգահարել է տղայի կնոջը, ով պատասխանել է․ «Մենք գործ չունենք, ուզում ես մի պահի, դու պարտավոր չես»։ Իսկ թե ո՞վ էր Խչոն, մեզ անհայտ մնաց։ Սոնան միայն ասաց, որ Խչոն մոտ է ծերունու հետ։

Հարևաններից տեղեկացանք, որ անցյալ տարի Ռաչիկի տղան եկել է, համոզել է հորը Ռուսաստան գնալու համար, սակայն Ռաչիկը հրաժարվել է՝ պատասխանելով, որ այստեղ է մեռնելու և ոչ մի տեղ չի գնա իր տանից։  Տղայի լացը նույնիսկ չի ազդել հոր որոշման վրա, – պատմում է ծերունու հարևանը՝ Վարազդատ Պողոսովը և ավելացնում, – այդ ժամանակ Ռաչիկը դեռ ոտքի վրա էր, առողջական խնդիր չուներ, դրանից հետո է անկողնային դարձել, տեղաշարժման խնդիրներ ունեցել, տեսողությունը կորցրել։

Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Նինա Թադևոսյանի խոսքով, քաղաքապետարանը խնդրին ծանոթ է, ծերունուն հնարավոր չի եղել համոզել տեղափոխվելու ծերանոց, նույնիսկ ոտքերի բուժման համար հիվանդանոց տեղափոխվելուց է հրաժարվել։ Քաղաքապետարանը ելքեր է փնտրում խնդիրը կարգավորելու ուղղությամբ։