Արմավիր քաղաքի ՇահումյաՆ փողոցի թիվ 11 և 13 շենքերի բնակիչներն այսուհետ կապրեն նոր ու հարմարավետ բնակարաններում: Հիշեցնենք, որ 2012թվ-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Արմավիր կատարած այցի ժամանակ վերը նշված շենքերի բնակիչները խնդրանքով դիմեցին կառավարության ղեկավարին, որպեսզի լուծվի իրենց բնակարանային խնդիրը:
Վարչապետն ընդառաջեց բնակիչների խնդրանքին: Պետբյուջեից հատկացվեց 244 մլն 170 հզր դրամ, որպեսզի Արմավիրի պահածոների գործարանի վարչական շենքը վերակառուցվի որպես բազմաբնակարան շենք և սեփականության իրավունքով հատկացվի վթարային շենքերի 44 ընտանիքներին:
Շենքը վերակառուցվեց և տարեվերջին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ շենքը հանձնվեց շահագործման, սակայն այդ օրը բնակարանների բանալիներ բնակիչները չստացան, պատճառը փաստաթղթերի թերի լինելու մեջ էր:
Նախօրեին Արմավիրի մարզպետարանում անցկացվեց վիճակահանության արարողությունը, իսկ այսօր արդեն տանտերերը տեղափոխվում են նոր ու հարմարավետ բնակարաններ: Բնակարանները հատկացվել են համապատասխանաբար վթարային շենքում զբաղեցրած տարածքի չափով, մեկ սենյակին – մեկ սենյակ սկզբունքով:
Նոր բնակարանների համար բնակիչներն առաջին հերթին շնորհակալություն են հայտնում երկրի նախագահին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ապա մարզային ու քաղաքային իշխանություններին: