Տարեսկզբին, երբ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այցելեց Արմավիրի պահածոների գործարան, նրա ճանապարհին դուրս եկան մի խումբ կանայք և խնդրեցին լսել իրենց: Նրանց հետաքրքրում էր Արմավիրի Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բազմաբնակարան վթարային շենքերի ճակատագիրն ու իրենց բնակվելու անորոշ կարգավիճակը: Վարչապետը տեղում հարցին լուծում տվեց. այն էր՝ հիմնանորոգել շենքերի հարևանությամբ գտնվող Պահածոների գործարանի հանրակացարանը, հանձնել Արմավիր քաղաքին և 2 շենքերի բնակիչներին տեղափոխել նոր բնակարաններ: Ինչպես նախատեսվել էր, բոլոր գործառույթներն ավարտելուց հետո սկսվեց հիմնանորոգման աշխատանքները և ընդամենը 3 ամիս պահանջվեց շենքը բնակելի դարձնելու համար: Բնակիչներին խոստացել էին, որ մինչև 2012թ. տարեվերջ իրենք կունենան նոր բնակարաններ ու կտոնեն իրենց բնակարանամուտը: Դեկտեմբերի 25-ը նշանավորվեց այդ ընտանիքների համար, սպասված ցանկությունն իրականացվեց: Տարեվերջին կրկին վարչապետը Արմավիր քաղաքում էր ու ծանոթանում էր նոր շենքի հարմարություններին, շինմոնտաժային աշխատանքների որակին: Մնում է հաջորդ ու վերջին քայլը, բնակարանների բանալիները հանձնել հասցեատերերին, բայց ոչ մինչև Ամանոր, քանի որ փաստաթղթերի հետ կապված դեռ անելիք կա,- վստահեցնում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու խոստանում, որ տոներից անմիջապես հետո կկազմակերպվի վիճակահանությունն ու բնակարանների բաշխման գործընթացը: Մինչ այդ վթարային շենքի բնակիչներին անհանգստացնում է բնակարանների բաշխման մեխանիզմը, այն է՝ բնակարանը կստանան ըստ ընտանիքի անդամների թվի՞, թե՞ վթարային շենքում զբաղեցրած տարածքի: Ի սկզբանե պայմանավորվածությունը հետևյալն էր՝ յուրաքանչյուր ընտանիք կստանա իր զբաղեցրած տարածքին համապատասխան: Այս տարբերակն այնքան էլ չի գոհացում այն 44 ընտանիքներին, ովքեր պետք է ստանան նոր բնակարանները: Խնդիրը վարչապետի հետ են քննարկում, ոչինչ չի փոխվում, նախնական պայմանավորվածությունն ուժի մեջ է մնում: Վարչապետից շատերն են շնորհակալություն հայտնում, ոմանք էլ դժգոհության ալիք են բարձրացնում: