Մշակույթ/Սպորտ

27 ՏԱՐՎԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՎ

5 մարտ, 2013

  • Нравится

Էջմիածին քաղաքում այսուհետ կգործի տիկնիկային թատրոն: Այն բացվեց «Հայ միասնության խաչ» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգոր Բաբախանյանի նախաձեռնությամբ: Դեռ 27 տարի առաջ էր Բաբախանյանի մոտ տիկնիկային թատրոն բացելու գաղափարը ծագել ու այսօր նրա ցանկությունն իրականություն դարձավ:
Տիկնիկային թատրոնի շենքը 100 տարվա պատմություն ունի և գտնվում է «Ուխտավորի ճանապարհ» կոչվող փողոցում: Շենքը գնել է բարերար Անթափյանը և հանձնվել է մայր տաճարին, վերջինս էլ անհատույց օգտագործման նպատակով տրամադրել է «Հայ միասնության խաչ» ՀԿ-ին: Տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգման համար ֆինանսական աջակցություն են ցուցաբերել են ՓԻ-ԷՅՋ Ինթերնեյշնլը և բարերարներ:
Նորաբաց թատրոնում տիկնիկային և դասական ներկայացումներով հանդես կգա Էջմիածնի թատերախումբը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոստանում է, կլինի հագեցված ու հետաքրքիր խաղացանկ, իսկ Միասնության խաչի ղեկավարը՝ վստահեցնում, տոմսերը կլինեն մատչելի, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար՝ անվճար: