Տնտեսություն

25 րոպե տևողությամբ կարկուտը ոչնչացրել է Արտենիի գյուղացիական տնտեսությունների բերքը

26 հունիս, 2014

  • Нравится

Հունիսի 25-ին երեկոյան ժամը 19:20-ին տեղացած 25 րոպե տևողությամբ կարկուտը վնասել է Արտենիի պտղատու այգիներն ու բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները: Ըստ գյուղացիների, բերքը 100 տոկոսով վնասվել է: Ծիրանի մի մասը կարկուտը գետնին է թափել, մյուս մասը՝ ամբողջությամբ վնասել, բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում՝ բույսի միայն ցողունն է մնացել: Արտենիի բնակիչները հունիսի 26-ի առավոտյան մոտ 3 ժամ փակել էին Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը, պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Գյուղացիների հետ հանդիպման եկավ Արագածոտնի մարզպետը, ով հորդորում էր բացել ճանապարհը: Մարզպետ Սարգիս Սահակյանի կարծիքով, ճանապարհը փակելը խնդրի լուծում չէր: Գյուղացիների պահանջները կարելի էր քննարկել ճանապարհից դուրս, հողատարածքներում, որտեղ ստեղծված հանձնաժողովն արդեն կատարում է ուսումնասիրություն: Արտենիի բնակիչները չէին համաձայնում մարզպետի հետ, ասում էին մեկ ամիս առաջ կրկին կարկուտ է տեղացել ու կրկին հանձնաժողով կազմվել, որը պետք է ուսումնասիրություն կատարեր և վնասի չափերը ճշտեր: Մինչ օրս, ըստ գյուղացիների, որևէ լուր չունեն հանձնաժողովի գնահատականից: Նրանք մտավախություն ունեն, որ այս անգամ էլ նույնը կկրկնվի: Արտենիի բնակիչ Արմեն Դարբինյանը, ով 8 հեկտար ծիրանի այգի ունի, ասում է 9 մլն դրամի ծախս է կատարել, որպեսզի որակյալ բերք ստանա: Կարկուտը, ինչպես գյուղի մնացած հողատերերի, այնպես էլ Դարբինյանի ծիրանը, ամբողջությամբ վնասել է: Ճանապարհը փակած գյուղացիները կառավարությունից փոխհատուցում չեն պահանջում, խնդրում են գյուղում հակակարկտային կայան տեղադրել, որը, նրանց կարծիքով, մեծ շռայլություն չի լինի 3 տարի անընդմեջ կարկուտից տուժած Արտենիի բնակիչների համար: Գյուղացիների մյուս խնդրանքը վերաբերում է հողի հարկի, ոռոգման ջրի զիջման ու վարկերի մեկ տարվա երկարաձգմանը: Արագածոտնի մարզպետը վստահեցնում է, բոլոր հարցերը կստանան իրենց լուծումը, միայն թե երեք օր ժամանակ է պետք, որպեսզի հանձնաժողովը գնահատի վնասի չափը և կարողանան կառավարության աջակցությանը դիմել: Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին, ըստ մարզպետի, Արտենին ևս ծրագրում է ընդգրկված, պարզապես ժամկետներ չի կարող նշել, թե հակակարկտային կայանները Արտենիում երբ կտեղադրվեն: Սահակյանի խոսքով, մարզում ավելի ռիսկային գոտիներ կան, որտեղ կայանների անհրաժեշտությունը մեծ է: Գյուղացիները, մարզպետի խնդրանքին ընդառաջ գնալով, ժամը 13:30-ի սահմաններում ազատեցին հանրապետական նշանակության ճանապարհը՝ 3 օրից մարզպետի հետ հանդիպելու և սպառիչ պատասխաններ լսելու ակնկալիքով: