ՋՕԸ-ները 2013 թվ-ին մատակարարել են 472 միլիոն խորանարդ մետր ջուր, որի հասույթը կազմել է 5 մլրդ 179 մլն դրամ: Վարձավճարների գանձումը կազմել է 4մլրդ 436 մլն դրամ, ջրի կորուստը՝ 44 տոկոս: 2012թ-ին մատակարարվել է գրեթե նույն ծավալի ջուր, նույն հասույթով, գանձվել 4 մլրդ 26 մլն դրամ գումար, կորուստը կազմել է 45 տոկոս: Այս մասին Աղվերանում անցկացվող սեմինար-խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:

ԾԻԳ-ի տնօրեն Ադբեկ Ղազարյանը չի թաքցնում, անցյալ տարի համակարգում մի շարք խնդիրներ առաջացան, հանրապետության որոշ տարածքներում ոռոգման ջրի սակավություն նկատվեց: Ըստ Ղազարյանի, խնդրի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը, օրինակ՝ կաթիլային եղանակով ոռոգումը: Ղազարյանի մեկնաբանությամբ, անհրաժեշտ է նաև նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի կիրառումը ջրամատակարարման համակարգում:

Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նույնպես հաստատում է՝ նախորդ տարին սակավաջուր է եղել, ջրի պակասը նկատելի է եղել հատկապես հարթավայրերում:
Ըստ Անդրեասյանի, ջրի դեֆիցիտը լրացվել է հիմնականում մեխանիկական եղանակով: Պոմպային համակարգերն աշխատել են ամբողջ հզորությամբ, սակայն դա հարցի վերջնական լուծում չի համարվել, լարվածությունը պահպանվել է ոռոգման սեզոնի ողջ ընթացքում, քանի որ ջրամբարները ամբողջ հզորությամբ լցված չեն եղել:

Անդրեասյանի փոխանցմամբ խնդիրը դարձյալ փորձելու են լուծել Սևանի ջրավազանի հաշվին: 10 հազար հեկտար հողատարածք կա, որից 8 հազար հեկտարի լուծումը տեսնում ենք Սևանի ջրերի հաշվին, որպեսզի լարվածությունը թուլացնենք,-նշեց Ջրային պետական կոմիտեի նախագահը:

Չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, Անդրանիկ Անդրեասյանը վստահեցրեց՝ ոռոգման ջրի սակագնի փոփոխություն չի լինի, իսկ Ղազարյանի մեկնաբանությամբ նախկինում, երբ ջրի ինքնարժեքում էլեկտրաէներգիայի գործոնն աննշան էր, կառուցվեցին բազմաթիվ պոմպակայաններ, սակայն այսօր էլեկտրաէներգիան մեծ ազդեցություն ունի ջրի սակագնի մեջ և անհրաժեշտ է դրանցից հնարավորինս շուտ ձերբազատվել և հողատարածքների ոռոգումը որքան հնարավոր է ավելի շատ ինքնահոս եղանակով ապահովել: