Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն անակնկալ այց կատարեց Մրգաշատ համայնքում բնակվող Կարապետյանների բազմանդամ ընտանիքին: Կարապետյաններն ունեն 11 աղջիկ և 4 տղա: Ընտանիքը գտնվում է սոցիալական ծանր վիճակում: Մարզպետը դատարկաձեռն չէր հյուրընկալվել, Կարապետյաններին սառնարան էր նվեր տարել: Ընտանիքի անդամները շնորհակալություն հայտնեցին Աշոտ Ղահրամանյանին ցուցաբերած ուշադրության համար և նկատեցին, որ սառնարանի կարիք իսկապես տանը զգացվում էր: Սակայն նրանց համար անլուծելի և գլխավոր խնդիրը եղել և մնում է նոր բնակարանի ձեռքբերումը: 15 երեխաների մայրը գտնում է, որ բնակարանը, որտեղ բնակվում են, փոքր է և անհարմար: Բացի դա, 15 երեխաների համար հաստատ իրենց փոքրիկ տունը բավարար չէ, իսկ սեփական միջոցներով նոր կամ մեծ տուն ձեռքբերելն անհնար է: Կարապետյանների ընտանիքը մարզպետին խնդրանք ուներ. հնարավորության դեպքում դիմել կառավարությանը՝ իրենց նոր բնակարան հատկացնելու համար: