Մայիսի 22-ին ժամը 20:00-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն Արմավիրի մարզպետարանում կարկտահարված գյուղերի գյուղապետերի և յուրաքանչյուր գյուղից երեք գյուղացիների հետ անցկացրեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին օգնություն հատկացնելու հարցերը: Նշենք, որ քննարկումը դռնփակ էր և լրագրողների մուտքը խստիվ արգելվում էր: 3,5 ժամ տևած քննարկման արդյունքում որոշվեց, որ կարկուտից 100 տոկոսով տուժած գյուղացիները հողի հարկ և ոռոգման ջրի վարձ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողի հարկի և ջրի վարձի 50 տոկոսը կվճարի պետությունը: Վարկերը կսառեցվի , սոցիալական խնդիրներ ունեցողներին կտրվի դրամական միանվագ օգնություն։ Ինչպես տեղեկացանք Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանից, չի հստակեցվել այն տնտեսությունների հարցը, ովքեր կարկուտից 100 տոկոսով տուժել են, իսկ վարկեր չունեն և դրամական փոխհատուցման կարիք ունեն: Ըստ Մարգարյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է հարցը հստակեցնել այսօր, կառավարության նիստի ընթացքում: Բացի այդ, վարչապետը հանձնարարել է գյուղապետերին հաշվարկել նաև այն տնտեսությունների պահանջարկը, ովքեր սերմերի և սածիլների օգնության անհրաժեշտություն են զգում: Արմավիրի գյուղապետը նշում է, որ այսօր արդեն հայտարարվել է, որպեսզի գյուղացիական տնտեսությունները այցելեն գյուղապետարան և ներկայացնեն իրենց անհրաժեշտ սերմնացուի պահանջարկը: Ռաֆիկ Մարգարյանից տեղեկացանք նաև, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով մարզի բոլոր գյուղերում կլինեն հակակարկտային կայաններ, իսկ կայանների կառավարումը կլինի մեկ կենտրոնից, որպեսզի կարկուտի վտանգի դեպքում կայանները միասնական և արդյունավետ գործարկվեն: Նշենք, որ խորհրդակցությանը ներկա էին նաև գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը: Ըստ Ջավադյանի, յուրաքանչյուր վարկառու գյուղացու կցուցաբերվի անհատական մոտեցում, վարկերի սառեցումը կլինի 3 տարի ժամկետով, իսկ այն գյուղացիները, ովքեր վարկը վերցրել են դոլարով, կփոխարինվի դրամի, իսկ տարբերությունը կվճարի պետությունը: Կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնություն հատկացնելու հարցը այսօր կառավարության նիստի օրակարգում է և գյուղացիները սպասում են վերջնական որոշմանը,-ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը: