Կարևորն այն չէ, թե ինչպիսի օրենքներ կամ որոշումներ են ընդունվում Հայաստանում, կարևորն այդ օրենքները կյանքի կոչելու համար պայմաններ ստեղծելն է: Վերցնենք ճանապարհատրանսպորտային իրավախախտումների օրինակը, որտեղ տուգանքների չափերն անտրամաբանական խստացվել են: Հասկանալի է, երկիրը որոշել է այս եղանակով բյուջեի հարց լուծել, սակայն շարքային վարորդը դրա հետ կհամակերպվեր, եթե տուգանքները տարածվեին առանց բացառության բոլորի վրա կամ Հայաստանի ճանապարհները փայլեին իրենց ճանապարհային նշաններով կամ նշագծումներով: Քաղաքակիրթ աշխարհում սկզբում բարելավում են ճանապարհները, սկսած ծածկույթից մինչև ճանապարհային նշաններ, որից հետո միայն սկսում են մտածել տուգանքի չափերի մասին: Շարքային վարորդը կհասկանար տուգանքի չափի խստացումը, եթե տեսներ կառավարության կամ նախարարությունների դիմաց կանգնած ծառայողական ավտոմեքենաների դիմապակու վրա փակցված ապահովագրության կամ տեխզննության կտրոնները: Շարքային վարորդը կհամակերպվեր տուգանքի չափի հետ, եթե հետիոտնը հասկանար, որ, ոչ թե յուրաքանչյուր պահի պետք է վազելով անցնել անցումով, այլ պետք է մի պահ սպասել և իր նման մի 2-3 անցնողի հետ անցնել անցումով: Շարքային վարորդը, չնայած իր ընտանեկան խղճուկ բյուջեի, կհասկանար տուգանքների խստացումը, եթե ճանապարհներին դիտահորերը կափարիչ ունենային, տարբեր տրամաչափի փոսերը վերանային, ճանապարհատրանսպորտային նշաններն իրենց տեղում լինեին, անձրևների ժամանակ մայրուղիներից վերանային լճակները, բնակավայրերն ունենային ճանապարհային նշանով ֆիքսված սկիզբ և վերջ, վերջապես ՃՈ տեսուչներն աշխատեին օրենքի տառին համահունչ: Վերցնենք ամեն օր հանդիպող բազմաթիվ օրինակներ. ասենք ով է հատուցելու մայրուղու բաց դիտահորի, լճացած ջրի կամ փոսի պատճառով վթարի ենթարկված վարորդի վնասները: Բնական է նման մեխանիզմներ չկան: Մեզանում քաղաքացին միայն պարտավորություններ ունի, իսկ իրավունքը բնորոշ է իրավական երկրներին: