Արմավիր քաղաքի շատ փողոցներ ասֆալտապատման կարիք ունեն: Դրանցից առավել անմխիթար վիճակում է գտնվում Թումանյան փողոցը: Այս փողոցով ավտոմեքենաների երթևեկությունը գրեթե կարուսելային տարբերակով է կատարվում, իսկ հետիոտնը քայլում է որտեղով պատահի և երբ պատահի: Վարորդների պահանջը փողոցի ամբողջական ասֆալտապատումը չէ, նրանք բավարարվում են նույնիսկ մասնակի նորոգումով: Օրինակ, 30 տարվա վարորդ Օնիկն օրվա ընթացքում ստիպված է լինում մի քանի անգամ անցնել այս փողոցով` տուն, աշխատանքի, միջանկյալ գործեր: Ասում է, որ ամեն անգամ հավատում եմ, որ կգա օրը, երբ երթևեկելը այս փողոցով ոչ թե դժվար, այլ հաճելի կլինի: Փողոցի միակ խնդիրը ասֆալտապատումը չէ, – անհանգստանում է վարպետ Օնիկը, – ասում է մայթերը նույնպես անանցանելի են, անցորդներն էլ իրենց նեղություն չտալու համար փողոցով են քայլում: Օնիկը ճիշտ է նկատել. մայթերը փակ են, դրանք լի են աղբով, ավազով, խոտով ու փշով: Եթե, ըստ Օնիկի, մարդիկ ստիպված են քարուքանդ փողոց դուրս գալ ու երթևեկելի մասով քայլել, ապա սեփական տան բնակիչները ոչ թե ստիպված, այլ պարտավոր են մայթը չախտոտել ու մարդկանց մայթով քայլելու իրավունքից չզրկել: Մեղավորներ չփնտրելու համար վարպետ Օնիկը կարծում է, որ այս հարցում մեղավոր են բոլորը` նույն բնակիչը, ով շինանյութ կամ այլ պարագաներ է կուտակում մայթին, անցորդը, ով առանց մտածելու աղբ է նետում, մեքենայի վարորդները, ովքեր առանց վարանելու փոշի են բարձրացնում և պատկան մարմինները, որոնք հետևողական չեն: