Արմավիրի Ինդուստրիալ մանկավարժական պետական քոլեջում դասերն անցկացվում են բաց տանիքի տակ: Քոլեջի տանիքը դեռ հուլիս ամսին պոկել էր ուժգին քամին: Բարեբախտաբար դեպքը գրանցվել էր ամառային արձակուրդներին և արտակարգ պատահարից այդ ժամանակ ոչ ոք չէր տուժել: Մինչ օրս քոլեջի տանիքը չի վերանորոգվել, ուսանողներն ու մանկավարժական կոլեկտիվն այստեղ ուսումնական ծրագիրն անցկացնում են բաց տանիքի տակ: Տանիքի բացակայությունից քայքայվում է շենքը, վնասվում գույքը, տուժում ուսումը: Բանն այն է, որ քանի դեռ եղանակները տաք էին, իսկ անձրևային եղանակը հազվադեպ, դասերն անցկացվում էին բնականոն հունով: Հիմա արդեն ցուրտ է, կաթոցն՝ անպակաս, իսկ տանիքի վերանորոգման հարցը՝ օդից կախված: Քոլեջի տնօրեն Արմեն Խաչատրյանը նորից է դիմել համապատասխան մարմիններին: Պատասխանն անորոշ է: ԿԳՆ-ից պատասխանել են տնօրենին, որ հարցը ներկայացվել է կառավարություն, պետք է սպասել համապատասխան որոշմանը: Երբ կլինի որոշումը պարզ չէ, պարզ է միայն, որ ուսումնական գործընթացը քոլեջում խաթարված է: Սեփական միջոցներով տանիքը վերանորոգելու հնարավորություն քոլեջը չունի: Բարերար Անուշավան Աբրահամյանին, ով 2010-ին Ամերիկյան հիմնադրամի միջոցներով իրականացրել էր քոլեջի տանիքի վերանորոգումը, Արմեն Խաչատրյանը նորից է դիմել: Պարզվել է հիմնադրամը լուծարվել է: Առանց տանիքի քոլեջը նույնիսկ չի ջեռուցվում, ջեռուցման համար նույնպես ֆինանսական միջոցներ չկան: Արդյունքում քոլեջի ձմեռային արձակուրդները նախատեսվածից շուտ կազդարարվի: Ըստ տնօրենի դրա մասին վաղուց էին մտածել, տաք եղանակներին հավելյալ դասաժամեր էին կազմակերպել: