Մարտի 17-ին, առավոտյան ուժգին քամին մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի ջերմոցային տնտեսություններին: Քամուց պոկվել են ջերմոցների պոլիէթիլենային թաղանթները, վնասվել բույսերը: Ջերմոցային տնտեսություններով զբաղվող գյուղացիները փորձում են քամուց դեռ չվնասված բույսերը ջերմոցից տեղահանել և ավելի տաք վայր տեղափոխել մինչև եղանակը կկայունանա և հնարավոր կլինի նորից թաղանթապատել ջերմոցները: Հայկավանցի Սուրեն Գասպարյանը մոլորության մեջ է, վարկով ու պարտքով ջերմոց է հիմնել, նախորդ տարվա կարկուտից դեռ ուշքի չեկած հիմա էլ քամին է սպասվող բերքը վնասել ու պարտքը կրկնապատկել: Գյուղապետարանը գյուղացիներին օգնել չի կարող: Գյուղապետի տեղակալ Ռադիկ Ոսկանյանը կիսում է համագյուղացիների կարծիքը, բայց հավելում՝ համայնքի բյուջեն սուղ է, աջակցություն ակնկալելը զուր է: Քամուց տուժել են նաև Արմավիրի ջերմոցատերերը: Միշա Սարխոշյանի լոլիկի սածիլները հողին են հավասարվել: Սածիլի մեկ հատը գյուղացիները 120 դրամով են գնել, ջերմոցը պատրաստելու համար էլ վարկ են վերցրել, հիմա կրած վնասն են հաշվարկում ու բացի դա, նորից պարտքով սածիլ ու պոլիէթիլենային թաղանթ գնելու տարբերակ են փնտրում: Իսկ որ ամենակարևորն է, ըստ գյուղացիների, եթե կրկին սածիլ ճարեն, բերքն արդեն մեկ ամիս ուշացումով շուկա կհանեն, իսկ հիմնական եկամուտը գյուղացիներն ակնկալում էին լոլիկի վաղ հասունացման դեպքում:
Ըստ գյուղացիների, եթե քամին չդադարի, գիշերը ցրտահարությունն անխուսափելի կլինի: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետից տեղեկանում ենք, որ այս գիշեր, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը 0-ից չի իջնի:
Քամին վնասներ է հասցրել նաև մի քանի տների տանիքների: Քամու պատճառով արմավիրցի Քաջիկ Սարխոշյանի տան տանիքը, տապալելով էլեկտրալարերի հենասյունը, հայտնվել է փողոցում: Բարեբախտաբար պատահարից ոչ ոք չի տուժել: