Երբ Արմավիրում բուռն քննարկման թեմա դարձավ քաղաքի միակ զբոսայգու որոշ հատվածի վաճառքի մասին լուրը, և մինչև քաղաքապետը պնդում էր, որ այգին չի վաճառվել, զուգահեռաբար սկսվեց այգու ծառերի չորացման ու կանաչապատ տարածքների վերացման երևույթը: Խնդիրն այն էր, որ քաղաքային այգում ի սպառ բացակայում էր ոռոգման համակարգը: Չորացան հաստաբուն ծառեր, իսկ որոշ ժամանակ անց այգին վերածվեց անապատի: Խնդրի մասին շատ անգամ բարձրաձայնեցինք, ստեղծված իրավիճակի մասին բազմիցս դիմեցինք պատկան մարմիններին և միայն մեկ տարի անց՝ 2012 թվ-ի ամռանը, մարզային ու քաղաքային իշխանությունների համատեղ քննարկումներից հետո, որոշվեց քաղաքային զբոսայգում վերականգնել ոռոգման համակարգը, այն է՝ զբոսայգում նոր խորքային հոր հորատել, որը հնարավորություն կտա ոչ միայն զբոսայգին ամբողջությամբ ոռոգել, այլև հարևանությամբ գտնվող Արմավիրի բժշկական կենտրոնի կանաչապատ տարածքը ոռոգել: Խորքային հորի հորատման աշխատանքները դեռ շարունակվում են, շինարարները ժամկետներ չեն նշում, բայց խոստանում են, որ շուտով ավարտին կհասնի և հավանաբար այս ամռանն արդեն այգին կրկին կանաչապատ դարձնելու հնարավորություն կստեղծվի: Նշենք, որ ոռոգման համակարգի կառուցման համար ֆինանսական ներդրում կատարվեց Արմավիրի մարզպետարանի կողմից և Արմավիրի քաղաքային համայնքի բյուջեից: