Երբ Փոքր Վեդի համայնքի խմելու ջրի մատակարարումը ստանձնեց «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերությունը, գյուղացիները հույս ունեին, որ գյուղում կբարելավվի ջրի որակն ու կավելանա ջրամատակարարման ժամաքանակը: Վեոլիա Ջուրը Փոքր Վեդիում խմելու ջուր է մատակարարում օրական 6-8 ժամ: Սա լավ է,- ասում է համայնքի բնակիչ Կարապետ Ղազարյանը, բայց վատն այն է, որ ջուրը խմելու համար պիտանի չէ: Ղազարյանը պնդում է, – խորհրդային տարիների մաշված ու քայքայված խողովակներով մատակարարվող ջուրը խմելը առողջության համար վտանգավոր է: Նրա հետ համագյուղացիները համաձայն են, ավելին, ասում են, որ օրը 3-4 վթար է տեղի ունենում գյուղում, վթարներն արագ չեն վերականգնվում, դրա համար առնվազն մեկ շաբաթ է պահանջվում, իսկ քայքայված խողովակների մեջ մի քանի օր ջուրը մնալով նեխում է, իսկ երբ ջրամատակարարումը վերականգնվում է, ծորակից դեղնավուն ու հոտավետ ջուր է հոսում:

Փոքր Վեդի համայնքում խմելու ջրի խնդիրը, արդեն տասը տարի, օրակարգում է: 2017թվ-ին Հայջրմուղկոյուղին խմելու ջրի մատակարարումը փոխանցել է «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերությանը: Գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանի խոսքով, վթարների դեպքում արագ ահազանգում են ընկերության տեխնիկական բաժին, սակայն վթարի հետևանքները վերացնելու համար օրեր, երբեմն էլ շաբաթներ է պահանջվում: Այս պահին «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության աշխատակիցները Փոքր Վեդիում էին, վթարված ջրախողովակն էին վերականգնում: Նրանց խոսքով, արագ արձագանքման համար բավարար տեխնիկական միջոցներ ու մարդկային ռեսուրսներ չունեն, ահազանգը ստանալուց անմիջապես հետո փորձում են դեպքի վայր հասնել, բայց երբեմն օրեր են պահանջվում: Ընկերության աշխատակիցների խոսքով, շատ համայնքներում են ջրի խողովակները քայքայված, վթարների թիվը օրական տասնյակների է հասնում, ֆիզիկապես ի վիճակի չեն հասցնել մեկ կամ երկու ժամում վթարը վերացնել ու ջրամատակարարումը վերականգնել:
/foto – veranorogum, veranorogum 01/
Փոքր Վեդիում ջրամատակարարման ներքին ցանցը 60-ականներին է կառուցվել: Համայնքապետն ասում է գյուղի 80 մլն դրամ բյուջեով ցանցի վերանորոգում կատարելն անհնար է, միայն կարողանում են մասնակի վերանորոգումների համար գումար հատկացնել, իսկ դա խնդիրը չի լուծում: 16 000 գծամետր քայքայված ջրախողովակներից կարողացել են վերանորոգել մոտ 2000 գծամետր խողովակ: Ըստ գյուղապետի, գյուղում կան նորակառույց թաղամասեր, որտեղ ընդհանրապես ջրագիծ չի անցկացվել:

2017թ. մայիսի 6-ին գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը գրություն է ուղարկել «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» փակ բաժնետիրական ընկերությանը և խնդրել միջոցներ ձեռնարկել գյուղում խմելու ջրի ներքին ցանցը բարելավելու, շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար: Ընկերությունը պատասխանել է. «Ներկայումս «Վեոլիա Ջոււր» ՓԲԸ մասնագետների կողմից կատարվում է ընկերությանը հանձնված ջրամատակարարման համակարգի ամբողջական ուսումնասիրություն, որի ընթացքում կուսումնասիրվի նաև Փոքր Վեդի համայնքի ջրամատակարարման ցանցը: Անհրաժեշտության դեպքում, առաջիկա վերակառուցման ծրագրի իրականացման փուլում Ձեր խնդրանքը հաշվի կառնվի»:

Փոքր Վեդիի գյուղապետ Նորայր Մարտիրոսյանը մեկ տարի սպասելուց և դրական տեղաշարժ չնկատելուց հետո խնդրով դիմել է կառավարություն: Իսկ մինչ այդ գյուղացիները կշարունակեն խմելու ջուրը գնել կամ հարևան համայնքներից տուն բերել,- ասում է նա:

Նշենք, որ Փոքր Վեդի, Լուսառատ և Նոր կյանք համայնքների խմելու ջուրը մատակարարվում է Նոր Ուղի համայնքում գտնվող 900 խմ տարողությամբ ջրավազանից: Գյուղապետի խոսքով, 2016թվ-ին ջրավազանն ամբողջությամբ վերանորոգվել է: