Արմավիրի հիմնադրումը սերտորեն կապված է բամբակի արտադրության հետ: 1927 թվ-ին Բամբակզտիչ գործարանի հարևանությամբ կառուցվեց Հոկտեմբերյանի երկաթգծի կայարանը և բամբակի արտադրության առաջատար գյուղերից մեկը անվանվեց Բամբակաշատ: 60-ականներին խորհրդային իշխանության որոշմամբ բամբակագործությունը դադարեց: 50 տարի անց Արմավիրի մարզում կրկին փորձ կատարվեց վերականգնել բամբակագործությունը: Նախորդ տարի Մրգաշատ գյուղում բամբակի արտադրության համար փորձնական 20 հա հողատարածք տրամադրվեց և բամբակ ցանվեց. սպասված արդյունքն ապահովվեց՝ 1 հա-ից 2,5 – 3 տոննա բերք ստացվեց, որը գյուղատնտեսների գնահատմամբ նորմալ ցուցանիշ համարվեց: Մրգաշատի գյուղապետարանը նոր բանակցություններ է վարում 2013 թվ-ին գյուղում 300 հա հողատարածքի վրա զարգացնել բամբակի արտադրությունը: Եթե բանակցությունները հաջող ավարտ ունենան, ըստ Մրգաշատի գյուղապետի տեղակալ Աշոտ Խլղաթյանի, Մրգաշատն այլևս կդառնա բամբակի արտադրության առաջատար գյուղը: