Հունիսի 9-ի սելավաջրերն ու կարկուտը վնասեցին Արմավիրի մարզի մի շարք համայնքների հողատարածքներ: Գյուղացիները զրկվեցին ոչ միայն այս տարվա բերքից, այլև մի քանի տարի ստիպված են վերականգնել վնասված խաղողի վազերն ու պտղատու այգիները: Իսկ ահա բանջարաբոստանային կուլտուրաների դեպքում, ըստ գյուղացիների, վերականգնողական աշխատանքներ իրականացնելն անիմաստ է, երկրորդ անգամ սածիլավորման աշխատանքները կազմակերպելը՝ ուշացած: Բնական աղետից հետո Արմավիրի մարզպետարանը համապատասխան հանձնաժողով ձևավորեց, հանձնաժողովն էլ իր հերթին համապատասխան ուսումնասիրություն կատարեց, վնասի չափերը ճշտեց ու Արմավիրի մարզետին ներկայացրեց: Հաջորդաբար Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ վնասի չափերի մասին ՀՀ կառավարություն ներկայացրեց: Արդյո՞ք կառավարության կողմից համապատասխան փոխհատուցում կամ օգնություն նախատեսվում է սելավաջրերից ու կարկուտից տուժած գյուղացիներին, առայժմ պարզ չէ. չգիտեն գյուղացիները, չի կարող ասել գյուղապետարանը, կառավարության որոշմանն է սպասում Արմավիրի մարզպետարանը: