Օգոստոսի 30-ին Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որին ներկա էր նաև ՀՀ Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանն ամփոփեց 2011-2012 ուսումնական տարվա արդյունքները և ներկայացրեց նոր ուսումնական տարվա անելիքները: Անցնող տարի, ըստ Գայանե Սայադյանի, կրթության ոլորտում գրանցվել են մի շարք դրական փոփոխություններ: Դրանք հիմնականում դպրոցների վերանորոգման կամ վերակառուցման աշխատանքներն են եղել, որը, ըստ վարչության պետի, դրական ազդեցություն է թողել նաև կրթության որակի բարձրացման վրա, իսկ նոր ուսումնական տարում մի շարք դպրոցներում հնարավորություն կընձեռվի միանալ համացանցին, որը կբարձրացնի աշակերտների տեղեկատվության հասանելիության մակարդակը:
Բարելավումների շարքում Մայիսյան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանն առաջարկեց հատուկ ուշադրություն դարձնել դպրոցների լաբորատոր դասասենյակներին: Ըստ տնօրենի արդեն հնացած սարքավորումներով ու անհրաժեշտ նյութերի բացակայության պայմաններում անհնար է դառնում աշակերտին առարկայի մասին լիարժեք գիտելիքներ փոխանցելը: Պետրոսյանը վստահ է, որ դա լուրջ և արդիական խնդիր է:
ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը խոսեց հանրակրթությանը ներկայացվող պահանջների և խնդիրների մասին, ապա քննարկեց կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները: