Արմավիրի Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը տոնում է հիմնադրման 20-ամյակը: Վարժարանի հոբելյանական տարեդարձին մասնակցում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը պարտավորեցնում է մատաղ սերնդին դաստիարակելու ռազմահայրենասիրական ոգով: Նման կրթական հաստատությունները կոչված են այդ նպատակները կյանքի կոչելու համար: Վարժարանի սաների մեծ մասն այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Կարծում եմ վարժարանն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է, այստեղ կան նվիրված անձնավորություններ և բարձր կարգապահական մակարդակ: Այս 20 տարիների ընթացքում վարժարանն իր արժանապատիվ գործունեությունն է ցույց տվել,- ասաց պաշտպանության նախարարը:
Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարանը 20 տարիների ընթացքում կրթել է 1471 սաների: Նրանցից շատերն այսօր համալրել են հայկական բանակի հրամանատարական կազմը: Այսօր վարժարանում ուսանում է 162 սան:
Վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանն ասում է պատրաստ ենք մնալ մեր երդմանը հավատարիմ և ծառայել հայրենիքին:
Նախարար Սեյրան Օհանյանն ազատամարտիկներին և առավել աչքի ընկած ուսուցիչներին պարգևատրեց Անդրանիկ Օզանյան, Գարեգին Նժդեհ, Վազգեն Սարգսյան և Ծովակալ Իսակով մեդալներով: