Սեպտեմբերի 9-ին 20-րդ ընտրատարածքի Խորոնք համայնքում ևս կայացավ ՏԻՄ ընտրություններ: Համայնքի պաշտոնի ղեկավարի համար այստեղ պայքարում էին երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Սարգիս Նահապետյանը և անկուսակցական Արայիկ Աբասյանը: Ընտրություններն անցել են նորմալ հունով, օրենքի սահմաններում, ոչ մի միջադեպ չի եղել, բողոք-դիմումներ նույնպես չի արձանագրվել, երկու թեկնածուների կողմ ձայներն էլ հավասարապես բաշխվել ՝ 665 և 665: Ընտրությունների հաջորդ օրը թեկնածուներից՝ Արայիկ Աբասյանի վստահված անձը 20-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով վերահաշվարկի դիմում է ներկայացրել: Պահանջը բավարարվել և սեպտեմբերի 11-ին վերահաշվարկ է կատարվել: Արդյունքում թեկնածուների ձայներից 3-ական քվե է պակասել ու նորից ձայները հավասարապես բաշխվել՝ 662 և 662: Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 143 հոդվածի 2 մասի երկրորդ պարբերության՝ եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն: Վիճակահանությունը կկայանա այսօր, սեպտեմբերի 14-ին 20-րդ ընտրատարածքում: Վիճակահանության արդյունքների մասին ավելի ուշ: