Մայիսի 12-ին կարկուտից 100 տոկոսով տուժած Արմավիր գյուղ էր այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը ստուգողական այցով փորձում էր պարզել կառավարության կողմից նախատեսվող աջակցության ծրագրի հասցեական ճշգրտությունը և կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների մտահոգությունները: Գյուղացիներին առաջին հերթին անհանգստացնում էր վարկերի երկարաձգումը կամ, այլ կերպ ասած, սառեցման հարցը, քանի որ վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ քննարկվել և որոշվել էր՝ վարկերը կսառեցվեն, իսկ գյուղացիներին բանկերից դեռ շարունակում են անհանգստացնել վարկերն ըստ ժամանակացույցի մարելու պահանջով: Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծեց՝ գյուղացիական բոլոր վարկերը կերկարաձգվեն, իսկ առաջացող խնդիրների կամ հարցերի համար վարկառուները կարող են զանգահարել կենտրոնական բանկի թեժ գիծ, որտեղ էլ կստանան համապատասխան բոլոր պատասխանները: Բացի դա, Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ 100 տոկոսով տուժած գյուղացիական տնտեսությունները կազատվեն հողի հարկի և ջրի վարձի վճարումներից: Օգնության կարգով կտրամադրվի նաև դիզվառելիք և պարարտանյութ, իսկ առաջին փուլով գյուղի առավել անապահով 60 ընտանիքներ կառավարության կողմից կստանան դրամական օժանդակություն: Միևնույն ժամանակ շարունակվում է նաև անվճար սերմերի բաշխումը: Այնուամենայնիվ, գյուղացիները շարունակում էին ճշտել փոխհատուցում կառավարությունը նախատեսե՞լ է, թե՞ ոչ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հստակեցնում է՝ փոխհատուցում որպես այդպիսին կառավարությունը չի նախատեսել, վնասի հատուցումը տարբեր օգնությունների միջոցով կիրականացվի: Իսկ Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանն էլ ավելացնում է. «Կառավարությունը կօգնի գյուղացիներին, օգնությունն էլ կլինի ըստ փուլերի»: Առայժմ ցուցակագրվել են 60 անապահով ընտանիքներ, իսկ հետագայում գյուղապետը վստահ է՝ նորից ցուցակ կներկայացնեն կառավարությանը: Բացի դա, ըստ Մարգարյանի, գյուղացիներն աջակցություն կստանան նաև կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունների համար բացված հիմնադրամի միջոցներից: