Արմավիրի մարզի սահմանամերձ Վարդանաշեն համայնքում 1350 բնակչություն կա: Ընդհանուր տարածքը կազմում է 951 հա, որից 524-ը մշակելի հողատարածքներն են: Այստեղ գյուղացիները հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ են զբաղվում, առավելապես՝ պղպեղի և ձմերուկի: Պտղատու այգիները քիչ են, մոտ 15 հա, ասում են հողը բանջարեղենի մշակության համար ավելի բերրի է համարվում: Գյուղում խնդիրները շատ են. ոռոգման ջրի պատճառով 40 հա վարելահող չի մշակվում, խմելու ջուրը սահմանափակ է, օրական 4 ժամ է մատակարարվում, մշակույթի տունը փլուզման եզրին է, իսկ իրացման խնդիրը եղել է ու կա: Վարկերի մարման մասին խոսելն էլ գյուղացիներն անիմաստ են համարում: