Վարդանաշենում խմելու ջուրը մատակարարվում է օրական 4 ժամ: 60-ականներին կառուցված խմելու ջրի ներքին ցանցն ամբողջությամբ քայքայված է: Գյուղապետարանը ցանցը վերանորոգելու համար ֆինանսական միջոցներ չունի: Ըստ գյուղապետ Արթուր Մանուկյանի օրը վթարներից անպակաս է, ասում է այսօր էլ ջրախողովակ է վթարի ենթարկվել, աշխատում ենք վթարն արագ վերականգնել, որ երեկոյան գյուղացուն ջրով ապահովենք: Գյուղացիները շուրջօրյա ջրամատակարարում ունենում են, եթե գյուղում մարդ է մահանում, այդ ժամանակ գյուղապետարանը խմելու ջրի արտեզյանը չի անջատում: Գյուղապետ Մանուկյանն ասում է, որ նաև պատվերով են ջուր միացնում, ասենք գյուղից որևէ մեկը կարող է ժամը 1000 դրամով խմելու ջրի պատվեր տա գյուղապետարանին: Նման դեպքերում մինչև 10 ժամ գյուղացին ջուր է ունենում: Գյուղապետը հաշվարկել է՝ խնդիրը միանգամից լուծելն անհնար է, 11 կմ երկարությամբ քայքայված ջրի խողովակները վերանորոգելու համար ծրագիր է մշակել, համայնքի բյուջեի հաշվին տարին 1 կմ երկարությամբ կնորոգի, իսկ եթե պետական աջակցություն լինի, աշխատանքներն ավելի շուտ ավարտին կհասնի և վարդանաշենցին շուրջօրյա ջրամատակարարումից կօգտվի: