Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ տեղի ունեցան նաև Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 22-ից՝ քայլերթով: Նույն օրը Ստամբուլի Կոնգրես կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կոնգրեսի 3000-անոց լեփ-լեցուն դահլիճում հաճախ կարելի էր տեսնել անմոռուկներով սփյուռքահայերի: Նրանց կարծիքով Թուրքիայում այժմ կարելի է օգտագործել «ցեղասպանություն» բառը, բայց և այնպես երբեմն անհրաժեշտ է լինում զգուշավոր լինել ցեղասպանության մասին խոսելիս:
«1915 թվականի դեպի մահ ղրկված հայ մտավորականների հիշատակին» խորագրով համերգը ներկայացնում էին Անատոլու Կուլտուր և Քալան մյուզիքը: 100 տարի առաջ, հենց այս օրը մտավորականներ, գրողներ ու բանաստեղծներ Ստամբուլում ունեցան իրենց վերջին գիշերը: Հաջորդ օրը նրանց դռները թակեցին ու այստեղից սկսվեց նրանց ճանապարհը դեպի մահ: Հայերը տեղահանվեցին, կոտորվեցին և մշակութային մի մեծ շերտ Ստամբուլում, Տրապիզոնում, Դիարբեքիրում, Վանում ու երկրի բոլոր անկյուններում ոչնչացվեց: Նրանք այն մարդիկ էին, որոնք ծաղկեցրել էին Անատոլիան: Անատոլու Կուլտուրի ղեկավար Օսման Կավալայի այս խոսքերով մեկնարկեց համերգը:
Ցեղասպանությանը նվիրված համերգը տևեց մոտ 3,5 ժամ: Այս ժամերի ընթացքում հանդիսատեսի հուզմունքն ու հիացական հայացքը չշեղվեց բեմից: Համերգի ողջ ընթացքում հնչեց հայկական երաժշտությունն ու ասմունքը հայերեն և թուրքերեն լեզուներով: Համերգը կազմակերպվել էր Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Դեկտեմբերի 23-ին Դիարբեքիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ էր կազմակերպել կանադահայ Րաֆֆի Պետրոսյանը: Պետրոսյանի խոսքով իր համար շատ կարևոր էր ցեղասպանության 100-ամյակին գտնվել Տիգրանակերտում: Տարիներ շարունակ Պետրոսյանը ապրիլի 24-ի նախօրեին Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցում հանդես է գալիս դաշնամուրային համերգային ծրագրով և այդ կերպ հարգանքի տուրք մատուցում մեկուկես միլիոն զոհված հայերի հիշատակին:
Պետրոսյանի խոսքով, ցեղասպանության ճանաչման պահանջով, Հայաստանը պետք է երկխոսություն վարի հենց Թուքրիային հետ՝ առանց երրորդ երկրի միջամտության: Մենք պետք է մեծ ջանք թափենք, որ Թուրքիան ու թուրք ժողովուրդը հասկանա և ընդունի ցեղասպանությունը,- ասում է Րաֆֆի Պետրոսյանը: