Արմավիրի մարզում, մասնավորապես Էջմիածնի տարածաշրջանում, սկսվել են վաղ գարնանային աշխատանքները: Էջմիածնի Հայթաղ և Արշալույս համայնքներում գյուղացիները կատարում են վաղահաս կարտոֆիլի և ելակի ցանքսը: Նշված կուլտուրաների վաղ հասունացման և ավելի թանկ սակագնով շուկա հանելու համար մշակությունը կազմակերպում են ջերմոցային եղանակով: Արշալույսցի Արմեն Մխիթարյանը մեկ հեկտար հողատարածք ունի, նախ կարտոֆիլ կմշակի, հունիսի սկզբին այն վաճառքի կհանի, ապա նույն հողատարածքում երկրորդ բերքի՝ վարունգի մշակությամբ կզբաղվի: Գյուղացիներն ասում են, որքան շուտ բերքը հասունանա, այնքան եկամտաբեր կհամարվի, թանկ գնով կվաճառվի: Արմենը հաշվարկում է՝ եթե մայիսի վերջին կարողանա կարտոֆիլը շուկա հանել, առնվազն 400-500 դրամով 1 կգ-ը կվաճառվի, այդ դեպքում եկամուտը արդարացված կհամարի ու վարունգի ցանքը կսկսի: Առայժմ միակ խնդիրը գյուղացիների համար մնում է գյուղտեխնիկայի պակասն ու եղածի մաշվածությունը: