Մարգարայի բնակիչներն իրենց ամենամեծ ձեռքբերումը խմելու ջրի շուրջօրյա մատակարարումն են համարում, իսկ մնացած առումներով իրենց ամենախեղճ ապրող գյուղերի շարքին են դասում: Այստեղ կա հողն անմշակ թողնելու բոլոր նախապայմանները,- ասում են գյուղացիները: Չկա գյուղտեխնիկա, ոռոգման ջուր, հողերի մեծ մասը գտնվում է սահմանային գոտում, իսկ դա գյուղից 10 կմ հեռավորության վրա է, անմխիթար են գյուղամիջյան ճանապարհմները, չկա մանկապարտեզ, վթարային է գյուղի մշակույթի տունը: Թվարկել անվերջ կարելի է, – նկատում է մարգարեցի Հրաչիկ Սամսոնյանը, բայց նախընտրում է լռել ու գոյատևման ցանկացած միջոց գտնել: Ինքն օրինակ ընտանիքի ապրուստի միջոցը ստանում է սեփական տան տնամերձ հողամասում փոքրիկ ջերմոցային տնտեսություններում բանջարեղենի մշակությամբ զբաղվելով: Եթե տարեց ծնողների տարիների ձեռքբերած ունեցվածքը չափսոսեր, ինքն էլ վաղուց երկու եղբայրների օրինակին կհետևեր, արտերկրում աշխատանք կգտներ,- վստահ է Սամսոնյանը: