Արմավիրի մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրները գրեթե նույնն են՝ սկսած սոցիալական անտանելի վիճակից մինչև արտագաղթ, իսկ սահմանամերձ համայնքներում ավանդական անլուծելի խնդիրներին ավելանում են էլի մի քանի բնական և արհեստական խնդիրներ: Բնական կարելի է համարել սահմանամերձ համայնքների հեռավորությունը մարզկենտրոնից, օրինակ՝ Երվանդաշատ և Բագարան համայնքներն Արմավիրի մարզկենտրոնից գտնվում են մոտ 50 կմ հեռավորության վրա և այս համայնքների բնակիչները մարզպետարանի հետ կապված ասենք մեկ տեղեկանքի համար պետք է մեկ ամբողջ օր վատնեն ու տրանսպորտի համար վճարեն մի քանի անգամ ավելի գումար, քան մյուս համայնքների բնակիչները: Սահմանամերձ համայնքների բնակիչները երջանիկ կլինեին, եթե իրենց խնդիրները միայն դրանով սահմանափակվեին: Բանն այն է, որ սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի զգալի հատված գտնվում է անմիջապես Արաքս գետի հարևանությամբ և պատկանում է համայնքի գյուղացիական տնտեսություններին: Գյուղացիներն իրենց հողակտորին հասնելու համար պետք է անցնեն սահմանային առաջին գոտին, որի համար պետք է առաջին հերթին անցագիր ստանան Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից: Գյուղացիներին անցագրերը տրվում են գյուղատնտեսական շրջանի մեկնարկից մինչև ավարտը: Հենց այս անցագրային ռեժիմով էլ սկսվում են գյուղացիական տնտեսությունների խնդիրները: Անցագրերի հետ կապված առաջին խնդիրն այն է, որ գյուղացիները վաղ գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ դեռ չեն ունենում անցագրեր և հնարավորություն չեն ունենում զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով: Երկրորդ ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ անցագրերի առկայության դեպքում գյուղացին պետք է իր աշխատանքները կատարի համաձայն սահմանային գոտու կանոնակարգի: Ըստ այդ կանոնակարգի գյուղացիական տնտեսության անդամները կարող են մուտք գործել սահմանային գոտի ժամը 08:00-ից մինչև 18:00-ը կամ 19:00-ը: Օրինակ, ըստ Մարգարա գյուղի բնակիչների մեկնաբանության, լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն կա հողակտորում շտապ աշխատանքներ կատարել, սակայն ուղեկալը կարող է 11:00, 12:00-ին գա դարպասները բացի: Գաղտնիք չէ, որ հատկապես հուլիս – օգոստոս ամիսներին շոգի պատճառով գյուղացիներն առավոտյան շուտ և երեկոյան են գյուղատնտեսական աշխատանքներ կատարում: Այս հանգամանքը քիչ է հետաքրքրում սահմանապահներին և նրանք առավոտյան 08:00-ից շուտ գյուղացուն չեն թողնում սահմանային գոտի, իսկ երեկոյան 18:00-ին կամ 19:00-ին տագնապի ազդանշանով ազդարարում են, որ անհրաժեշտ է լքել սահմանային գոտին: Ամռան շոգ ամիսներին սկսվում են ոռոգման ջրի հետ կապված խնդիրները և ջրել հնարավոր է դառնում միայն գիշերային ժամերին, ինչը սահմանային գոտու հողակտորների պարագայում բացառվում է և գյուղացու աչքի առաջ չորանում է քրտինքով ստեղծված բերքը: Այս հանգամանքից ելնելով Արմավիրի մարզի սահմանամերձ համայնքների գյուղացիական տնտեսությունները հրաժարվել են մշակել սահմանային գոտում գտնվող իրենց հողատարածքները, իսկ արդյունքում գյուղատնտեսական նշանակության հազարավոր հեկտար հողատարածքներ, անմշակ մնալով, համալրում են Հայաստանի անապատային ֆոնդը: