Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի կենտրոնում տարվա այս շրջանում մարդ չես գտնի. բոլորը դաշտերում են, ոմանք սկսել են բերքահավաքը, ոմանք էլ շարունակում են բանջարաբոստանային կուլտուրաների ընթացիկ մշակությունը: Ջանֆիդան հայ-թուրքական սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա է գտնվում: Այստեղ գյուղի խնդիրների ու առաջընթացի մասին մարդիկ խոսել չեն ցանկանում: Պատասխանը հետևյալն է՝ «ես գործ չունեմ, ինչ ասեմ, կամ էլ ասելու բան չունեմ»: Փողոց առ փողոց շրջեցինք, դռներ թակեցինք, մեկը մյուսի մոտ մեզ գնալու խորհուրդ տվեց ու այդպես էլ ոչ ոք Ջանֆիդայի մասին խոսելու ցանկություն չհայտնեց: Գյուղապետը գյուղում չէր, տեղակալն էլ զբաղված էր: Մեզ հետ հեռախոսազրույցում տեղակալը նկատեց. «Հարմար օր չեք եկել /օրը շաբաթ էր/, մեկ ուրիշ անգամ համեցեք, անպայման կզրուցենք», – ասաց նա: Գյուղի շուրջ բոլորը շրջելուց հետո նորից կենտրոնում կանգ առանք, ջանֆիդեցի Համայակ Գևորգյանին հանդիպեցինք, ասաց հարցրեք ինչ ուզում եք, կպատմեմ: Երկար զրուցեցինք: 80-ամյա Գևորգյանը գյուղի մասին ամեն ինչ գիտեր, նստել էր գյուղամիջի պուրակում ու հետևում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի վերակառուցման աշխատանքներին, հուշարձանի կառուցման առաջին աշխատանքներին ինքն էլ էր մասնակցել, իր ձեռքով քարը քարին էր դրել:
Ի տարբերություն սահմանամերձ մյուս գյուղերի, այստեղ գյուղացիները նույնիսկ տեսախցիկից այն կողմ դժգոհությունների շատ առիթ չունեին: Ասում էին խմելու ջուր կա, ոռոգման ջրի խնդիր չկա, ճանապարհների վիճակն այնքան էլ վատ չէ, մշակութային կյանքը շատ պասիվ չէ, դպրոց ու մանկապարտեզ կա, գազից օգտվելու հնարավորություն նույնպես կա: Իսկ Համայակ պապին մի բան էր անհանգստացնում, բերքն այս տարի շատ է, կարկուտը Ջանֆիդան խնայել է, մնում է իրացման խնդիր չառաջանա: