11-ամյա Վազգենը մտածում է, որ ինքն Արմավիր քաղաքի այն պատվավոր քաղաքացիներից է, ով հատուկ ուշադրության է արժանացնում քաղաքի մաքրության պահպանման գործը: Ըստ Վազգենի, Արմավիրի բնակիչները քաղաքի մաքրության հանդեպ խիստ անտարբեր են և նպաստում են փողոցներում, այգիներում գոյացող աղբերի կուտակմանը: Պլաստմասե շշերի համար նախատեսված աղբամանները, որոնք քաղաքում տեղադրվել են վերջին ժամանակներում, չեն օգտագործվում ճիշտ նպատակի համար: Վազգենը նաեւ նկատում է, որ քաղաքի մաքրությանը նվիրված միջոցառումներն այնքան էլ շատ չեն, իսկ եթե լինում է, ինքը միանշանակ մասնակցում է: Այս անգամ քաղաքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի զարգացման և <<Երիտասարդական նվաճումներ>> կրթական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվեց <<Պլաստիկ շշերի հավաքում և վերամշակում>> ծրագիրը, որին մասնակցում էին քաղաքի թիվ 4 և թիվ 6 դպրոցի սաները: Վազգենը ծրագրի առաջատարներից էր, ոգեշնչելով դասընկերներին, զբաղվում էր քաղաքային զբոսայգու մաքրման, բարեկարգման աշխատանքներով: Վազգենը չի սահմանափակվում նմանատիպ նախաձեռնություններով, որոնք վերաբերվում են բարեկարգման աշխատանքներին: Նա բակի ընկերների հետ պարբերաբար զբաղվում է շրջակա տարածքի մաքրմամբ և իր հասակակիցներին կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել հարազատ քաղաքի մաքրության պահպանմանը: