Արմավիրի մարզի յուրաքանչյուր գյուղացիական տնտեսության համար ամենամեծ խնդիրը, որի հետ առնչվել է, դա ոռոգման ջուրն է: Կախված տարվա տեղումների քանակի հետ, այդ խնդիրները լինում են մեծ կամ փոքր, իսկ երբեմն էլ՝ անլուծելի: Որպես կանոն, մատակարար – սպառող վեճերը միշտ լուծվում են մատակարարի օգտին: Դեռ չի եղել դեպք, երբ ոռոգման ջրի պատճառով մեծ վնասներ կրած գյուղացին կարողանա դատական ատյաններում իր շահերը պաշտպանել և փոխհատուցում ստանալ: Երևույթն այնքան մասսայական է, որ այն հասկանալու համար անհրաժեշտություն է առաջանում խորը ուսումնասիրել մատակարար-սպառող պայմանագրի դրույթները:
«Պայմանագրի առարկան» գլխում նշվում է, որ ընկերությունը պարտավորվում է յուրաքանչյուր ոռոգման շրջանի համար ջրօգտագործման պլան-ժամանակացույցին համապատասխան ջրօգտագործողին ապահովել ոռոգման ջրով, իսկ ջրօգտագործողը պարտավորվում է ընդունել և վճարել ստացած ջրի դիմաց:
Պայմանագրի հենց առաջին գլխից երևում է, որ մատակարարը երբ ցանկանա կսկսի ոռոգման շրջանը և ցանկացած պահի կարող է ավարտված համարել այն: Շատ դեպքերում որոշ մատակարարներ ոռոգման շրջանը սկսում են մայիսի 1-ից, որը, ըստ գյուղացիների, շատ ուշացած է: 2011թվ-ին Ախուրյանի ջրամբարի դատարկվելուն պես ջրամատակարարները նոյեմբերի 1-ին հայտարարեցին, որ ոռոգման շրջանն ավարտված է: Հաշվի չառնվեց, որ գյուղացին աշնանացան պետք է կատարի, ցրտահարումից պաշտպանելու համար խաղողի այգիները պետք է ոռոգի:
Պայմանագրի զավեշտը սկսվում է երրորդ կետից, որտեղ նշվում է ընկերության, այսինքն մատակարարի պարտավորությունները: Ըստ 3 կետի ա. Ենթակետի, ընկերությունը պետք է սպասարկի ջրօգտագործողի հողակտորին ջուր հասցնող ոռոգման համակարգը, բացառությամբ ջրօգտագործողի անմիջականորեն հողակտորին մոտեցնող ջրատարի հատվածը: Թե ի՞նչ երկարություն կունենա անմիջականորեն հողակտորին մոտեցնող ջրատարը կամ ջրի որքա՞ն կորուստ կլինի այդ հատվածում, մատակարարին չի հետաքրքրում: Բազմիցս նշվում է, որ ջուրը ապրանք է, և եթե ապրանք է, ինչու՞ է մատակարարը խուսափում այդ ապրանքը հանձնել գյուղացուն հենց հողակտորի մուտքի մոտ: Գյուղացուն կարող են ասենք խորքային հորից տալ 1000 խորանարդ մետր ջուր, իսկ հողակտոր հասնի ուղիղ դրա կեսը:
Ամենաուշագրավը պայմանագրի 3 կետի գ. ենթակետն է, որի շնորհիվ պայմանագիրը դառնում է գյուղացու համար պարտավորագիր: Ըստ այս ենթակետի, եթե ընկերության մեղքով պլան-ժամանակացույցով նախատեսված ջրաքանակից պակաս ջուր տրվի, ընկերությունը պակաս ծավալը պարտավորվում է մատակարարել հաջորդող տասնօրյա ժամկետում: Գյուղատնտեսությունից նույնիսկ անտեղյակ մարդը գիտի, եթե բերքահավաքի շրջանում ասենք վարունգը 3-4 օր չջրվի, գյուղացին ամբողջությամբ կզրկվի բերքից: Նույնը կարելի է ասել բանջարաբոստանային մնացած կուլտուրաների մասով:
Ուշագրավ դրույթներն այսքանով չեն ավարտվում: Օրինակ, ջրօգտագործողի պարտավորությունների վերջին կետում գրված է. «Ոռոգման շրջանի ավարտից հետո, երբ ջրօգտագործողը 3 ամսում չմարի ոռոգման ջրի դիմաց կուտակված պարտքերը, պարտավորվում է իր հողակտորը ընկերության պահանջով օգտագործման իրավունքով հանձնի ընկերությանը»: Ամենափորձված իրավաբանն անգամ չի կարող այս դրույթը տեղավորել ՀՀ գործող օրենսդրության մեջ:
Զավեշտների ցանկը բազմաթիվ է, որոնց կարելի է շրջանցել, սակայն իրավունքների բաժնի աբսուրդը չի կարելի չներկայացնել: Ընկերությունը, ըստ պայմանագրի, իր իրավունքները պաշտպանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ ջրօգտագործողը, ով վնասներ է կրել, ընկերության ժողովի կողմից հաստատված կարգով:
Հարց է առաջանում, թե ինչու՞ է գյուղացին նման պայմանագրի տակ ստորագրում: Բանն այն է, որ ջրամատակարարը պայմանագրերը կնքում է ոռոգման սեզոնի ժամանակ և գյուղացին առանց պայմանագիր ոռոգման ջուր չի կարող ստանալ: