Ամիսներ առաջ, երբ կառավարության ղեկավարն այցելեց Արմավիրի պահածոների գործարան, հանկարծակի ճանապարհին հայտնվեցին մի խումբ կանայք և խնդրեցին լսել իրենց: Քանի որ առաջ շարժվելը դարձել էր անհնարին և այլընտրանք չկար, Տիգրան Սարգսյանը ստիպված լսեց կանանց: Բողոքավորներին անհանգստացնում էր Արմավիրի Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բազմաբնակարան վթարային շենքերի ճակատագիրն ու իրենց բնակվելու անորոշ կարգավիճակը:

Վարչապետը տեղում հարցին լուծում տվեց. այն է՝ հիմնանորոգել շենքերի հարևանությամբ գտնվող Պահածոների գործարանի հանրակացարանը, հանձնել Արմավիր քաղաքին և 2 շենքերի բնակիչներին տեղափոխել նոր բնակարաններ:

Հանպատրաստից որոշումը գոհացրեց բնակիչներին ու տեղական իշխանություններին: Ինչպես նախատեսվել էր, բոլոր գործառույթներն ավարտելուց հետո սկսվեց հիմնանորոգման աշխատանքները և բնակիչներին խոստացան, որ 2012թ. նոյեմբերի 7-ին իրենք կունենան նոր բնակարաններ ու կտոնեն իրենց բնակարանամուտը:

Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ, աստիճանաբար սկսեց ավելանալ վթարային շենքերի բնակիչների և ընտանիքի անդամների թվաքանակը: Եթե վարչապետի այցի օրը երկու շենքում բնակվում էին մոտ երկու տասնյակ ընտանիք, ապա այսօր, ըստ բնակիչների, վերակառուցվող 44 բնակարանը չի բավարարի երկու շենքի բնակիչներին տեղափոխելու համար:

Վթարային շենքերի բնակիչների շրջանում արդեն հասունացել է նախկին բնակարանից դուրս չգալու գաղափարը: Ոմանք պնդում են, որ, եթե իր բնակարանի մակերեսից փոքր մակերես հատկացնեն, դուրս չի գա, մյուսները դուրս չեն գա, եթե հաշվի չառնվի իրենց ընտանիքի անդամների թիվը և ըստ այդմ սենյակների քանակը, երրորդ խումբը դուրս չի գա ննջասենյակների փոքրության կամ լոգարանի ու սանհանգույցի միասնական լինելու պատճառով:

Հարկ է նշել, որ այս ամբողջ աղմուկն ու զայրույթը առաջացել է բնակչության անորոշության և ոչ տեղեկացվածության պատճառով: Ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ չափորոշիչներով և ինչ մեխանիզմներով են բաշխվելու բնակարանները, և ով է օգտվելու նոր բնակարան ստանալու իրավունքից: Սակայն մի բան արդեն պարզ է. ինչպես ժողովուրդն է ասում, էս խմորը դեռ շատ ջուր կքաշի: