«Որդան կարմիր» պետական արգելավայրի մոտակայքում գտնվող` Արմավիրի մարզի հինգ համայնքների հանրակրթական դպրոցներում երեկվանից մեկնարկել են որդանի պահպանությանն ուղղված էկոդասընթացները:
Ծրագրի հեղինակ և դասընթացավար Գալուստ Նանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դասընթացների առաջին փուլում ընտրվել են «Որդան կարմիր» պետական արգելավայրի վրա ազդեցություն ունեցող համայնքներից հինգը` Արմավիրի մարզի Ջրառատի, Արազափի, Եղեգնուտի, Երասխահունի և Արգավանդի դպրոցները, որտեղ բարձր դասարանցիների համար կազմակերպվում են բնապահպանական դասընթացներ «Որդան կարմիր» պետական արգելավայրի և նույն տարածքում բազմացող որդանի պահպանության նպատակով:
«Դասընթացներն իրականացվում են ակտիվ ուսուցման մեթոդներով, որպեսզի ներկայացված նյութը աշակերտների կողմից յուրացվի հենց դասի ընթացքում»,- ասաց Նանյանը և ավելացրեց, որ դասընթացները տեսական փուլից հետո կշարունակվեն գործնական ձևաչափով:
Մինչ դասընթացների մեկնարկը ծրագրի հեղինակը նախ ցանկացել է հասկանալ, թե դասընթացի հավանական մասնակիցներն ինչ գիտեն և ինչ պատկերացում ունեն շրջակա միջավայրի պահպանության և, առհասարակ, պահպանվող տարածքների մասին` դպրոցների աշակերտներին բաժանել է հարցաթերթիկ:
Ջրառատի և Երասխահունի միջնակարգ դպրոցներում արդեն անցկացվել է վերը նշված ծրագիրը: Մասնակիցներին ներկայացվել են Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրները, լուծումներ են առաջարկվել, թե ինչպես պաշտպանել և մաքուր պահել շրջակա միջավայրը: Իսկ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին ծանոթանալուց հետո առանձնահատուկ ուշադրություն է սևեռվել «Որդան կարմիր» պետական արգելավայրի խնդիրներին ու պահպանման միջոցառումներին:
Ջրառատում երեխաները բարձրացրել են գոմաղբի ոչ ճիշտ կառավարման և գյուղամիջյան կենտրոնական փողոցի ոչ բարվոք վիճակի հարցերը և պնդել, որ դա մեծ վնաս է բերում գյուղին ու մարդկանց առողջությանը: Նաև առանձնահատուկ ուշադրության են արժանացել պոլիէթիլենային տարրաների խնդիրները:
«Երասխահունում դասընթացի մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին, որ գյուղում ավելացել է ավազահանքերի շահագործումը: Դա մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Առաջ քաշեցին նաև աղբի խնդիրը», – նշեց Գ.Նանյանը:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվում Արմավիրի մարզի էկոլոգիական խնդիրներին և մասնակիցների հետ ինտերակտիվ քննարկումների ընթացքում երեխաները տալիս են խնդիրների լուծման՝ իրենց բանալիները:
«Դասընթացների ավարտից հետո ինտերակտիվ հարց ու պատասխանի միջոցով դասընթացավարը յուրաքանչյուր դպրոցից կընտրի առնվազն 5 աշակերտ, որպեսզի հետագայում սկսվի գործնական աշխատանքների փուլը` այցելություն «Որդան կարմիր» արգելավայր` տեղում ծանոթանալու արգելավայրի ռեժիմին և այնտեղ պահպանվող բուսական ու կենդանական աշխարհին: Իսկ լավագույն մասնակիցներն արդեն կայցելեն Բնության պետական թանգարան, Կենդանաբանության թանգարան և Երկրաբանության պետական թանգարան, ինչպես նաև կլինեն նախապես ընտրված` բնության պահպանվող տարածքներից մեկում», – հայտնեց ծրագրի ղեկավար, ագրոէկոլոգ-փորձագետ Գալուստ Նանյանը և հավելեց, որ դասընթացներ կանցկացվեն նաև Արմավիրի մարզի Արգավանդ, Եղեգնուտ և Արազափ համայնքներում: