Միջհամայնքային անհամաձայնություն կամ բացահայտվել է իրականությունը:
Խնդիրը 3 տարվա պատմություն ունի: Բանը նրանում է, որ Գայ համայնքի 350 հա հողատարածք, որը սեփականության իրավունքով տրվել էր Գայի բնակիչներին, 3 տարի առաջ հանձնվել է հարևան՝ Հայկաշեն համայնքին: Դրա մասին սեփականատերերը նոր են իմացել, երբ Հայկաշենի գյուղապետարանից հողի հարկի պարտքի մասին ծանուցագիր են ստացել:
Մինչդեռ սեփականատերերը հողի հարկերը վճարել են իրենց գյուղի՝ Գայի գյուղապետարանում, իսկ 2012թ. դեկտեմբերին տեղեկացել, որ սեփականաշնորհված հողամասերը պատկանում են հարևան՝ Հայկաշեն համայնքին:
Այն, որ 350 հա-ի սեփականատերերից շատերը հողի հարկի պարտք չունեն, հաստատում են նաև Գայի գյուղապետարանում, հակառակն են ապացուցում Հայկաշենի գյուղապետարանում: Մինչ երկու համայնքները, չգիտես ինչու, լռել են հողերի պատկանելիության որոշման մասին և բնակիչներին շփոթության մեջ գցել, նկատենք, որ սեփականության վկայականի մեջ շարունակում է նշված մնալ հողի պատկանելիությունը՝ Գայ համայնք: Հետևաբար, տրամաբանության սահմաններում է, որ գյուղացին հողի հարկը պետք է վճարեր իրենց՝ Գայի համայնքապետարանում:
Մինչ երկու համայնքների համայնքապետերը լռում են և, գյուղացուն գործիք դարձնելով, իրենց շահերն են առաջ քաշում, պարզվում է, որ 2005թվ-ի կառավարության որոշմամբ, այն հողակտորները, որոնք անջատված են համայնքի հողատարածքներից և սահմանակից են մեկ այլ համայնքի հողատարածքներին, պետք է միացվեն այդ համայնքներին: Տվյալ դեպքում հողակտորը սահմանակից էր Հայկաշեն համայնքին:
Այժմ հարց է առաջանում, ինչու՞ են լռել երկու համայնքների ղեկավարները, երբ 3 տարի առաջ գիտեին կառավարության վերը նշված որոշման մասին: Ինչու՞ է Գայի համայնքապետարանը հողի հարկի գանձում կատարել բնակիչներից, երբ հողատարածքներն արդեն պատկանում էին Հայկաշենին, ինչու՞ Հայկաշենի համայնքապետարանն ավելի շուտ չի տեղեկացրել, այսպես ասած, իր համայնքին պատկանող հողերի սեփականատերերին, որ հողի հարկ պետք է վճարեն Հայկաշենի գյուղապետարան, ոչ ոք կամ երկու գյուղապետարաններում էլ լռում են, կամ էլ պատասխանը հիմնավոր չէ: Օրինակ, Գայի գյուղապետի տեղակալը պնդում է, որ որոշման մասին չեն իմացել, իսկ Հայկաշենի գյուղապետը, ով, ի դեպ, նախկին գյուղապետն էր, և ներկայիս գյուղապետի հայրը, հավատացնում էր, որ ինքն է գյուղապետը, ասում էր պարզապես սպասել են, որ մի օր կվճարեն:
Ստացվում է երկու գյուղերի ղեկավարներ, ոչ թե օգնում, այլ խաղալիք են դարձնում այն սեփականատերերին, ովքեր հայտնվել են անելանելի վիճակում: Ինչու անելանելի, քանի որ արդեն վճարված հողի հարկը Գայի գյուղապետարանը ծառայեցրել է նպատակին և Հայկաշենի գյուղապետարան փոխանցելու հնարավորություն չունի, իսկ Հայկաշենի գյուղապետարանն օգտագործում է փաստը, ով է պարտք, սեփականատերը, ուրեմն նրանից էլ կարող է պահանջել գումարը:Չնայած որ իրեն Հայկաշենի գյուղապետ ներկայացրած Բագրատ Հովհաննիսյանը պնդում է, որ որոշման մասին լուրն իրեն էլ չէր ուրախացրել:
Նշենք նաև, որ 350 հա հողատարածքը 2009թվ-ին է հանվել Գայի հաշվեկշռից, արդյո՞ք դրա մասին նոր է իմացել գյուղապետարանը: Անհավանական է, բայց փաստ: Գայի գյուղապետի տեղակալ Խուրշուդ Քոչարյանը պնդում է, չեն իմացել:
Իրավական տեսանկյունից փակ շրջան է ստացվում, գյուղացին վճարել է մեկ համայնքում, ով իրավունք չուներ գումարը գանձելու, իսկ պարտքերը կուտակվել են մեկ այլ համայնքում, որը կարող էր գյուղացիներին հողի հարկի վճարման մասին 3 տարի առաջ տեղեկացնել: Ստեղծված իրավիճակում գյուղացու մոտ գլխապտույտ է առաջացել: