Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում բնական աղբյուրների և խորքային հորերի միջոցով դուրս մղվող ջուրը պակասել է: Արդյունքում խմելու և ոռոգման ջրի խնդիր է առաջացել: Գայի բնակիչներին անհանգստացնում է խմելու, իսկ էջմիածնի բնակիչ Վարդան Միրզախանյանին՝ ոռոգման ջուրը: Գյուղացիական կոլեկտիվ տնտեսություն վարող Միրզախանյանը 5 հա հողատարածքի վրա տարբեր մշակաբույսեր է մշակում: Մինչև անցյալ տարի ոռոգումն իրականացրել է երկու խորքային հորերի միջոցով, ապա խորքային հորերը ցամաքել և տարածքը ոռոգելն անհնար է դարձել: Տնտեսության անդամները հավաքվել, քննարկել ու որոշել են դիմել մասնագետներին ջուր ստանալու այլ եղանակ փնտրելու համար: Մասնագետները խորհուրդ են տվել օգտվել ստորգետնյա ջրային պաշարից, օգտագործելով արևային մարտկոցով աշխատող պոմպերը: