2014 թվ-ին սակավաջրության պատճառով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում դժվարություններ առաջացան: Ոռոգման ջրի խնդիրը մեղմելու նպատակով մարզում անգործության մատնված 112 խորքային հոր գույքագրվեց, որոնցից 91-ը վերագործարկվեց: Այս մասին Արմավիրի մարզխորհրդի նիստի ժամանակ ասաց գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նիստին մասնակցող համայնքի ղեկավարներից շատերին անհանգստացնում էր նաև այս տարվա ոռոգման սեզոնը, որքանո՞վ գյուղացին կարող է համոզված լինել, որ գյուղատնտեսական շրջանում ոռոգման ջրի պակաս չի լինի: Սերգո Կարապետյանը վստահեցնում է՝ ոռոգման ջրի խնդիրը մեղմելու նպատակով նախարարությունը մի շարք միջոցառումներ է նախատեսել: Ըստ նախարարի, եթե նույնիսկ ջրամբարներն անցյալ տարվա մակարդակին լցված լինեն և ձնհալներ չլինեն, նախարարությունը կարող է մեղմել ջրի պահանջարկը:
Նախարարի խոսքով, ջրի պահանջարկը կհամալրվի անգործության մատնված խորքային հորերի վերագործարկմամբ: Այս տարի ևս գույքագրվել է 69 անգործության մատնված խորքային հոր, որոնք անհրաժեշտության դեպքում կառավարության միջոցներով կշահագործվեն:
Նախարարի խոսքով, Արմավիրի մարզում շուտով կմեկնարկեն նաև 4 ջրամբարների կառուցման աշխատանքները: Ջրամբարների կառուցումը նախատեսում է սկսել և ավարտել 2015-18 թթ-ին: Ըստ Սերգո Կարապետյանի, ծրագրի ավարտից հետո Արմավիրի մարզում կվերանա ոռոգման ջրի խնդիրը: