Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 14-ին, ժամը 14:30-ի սահմաններում Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 16 փողոցի 6 տան դիմաց ՎԱԶ 2107 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայից հրազենային կրակոց է արձակվել 1972թ. ծնված Արմեն Եփրեմյանի ուղղութամբ: Վերջինս, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մահացել է:
Ականատեսների վկայությամբ ամեն ինչ շատ արագ է կատարվել, որ նույնիսկ չեն հասցրել նկատել արագ անհետացող ավտոմեքենայի պետհամարանիշը:
Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ սպանության կասկածանքով Արմավիրի ոստիկանություն բերման է ենթարկվել Սարդարապատ գյուղի բնակիչ 21 տարեկան Նժդեհ Ենոքյանը:
Ըստ Սարդարապատ գյուղի բնակիչների, Արմեն Եփրեմյանի ընտանիքը 20 տարի առաջ տեղափոխվել է ՌԴ: Մոտ 12 տարի առաջ Արմենը եկել է Հայաստան, Բամբակաշատ գյուղից հարսնացու է ընտրել, առևանգել, ապա ամուսնացել:
Այս անգամ Արմենը կնոջ հետ Հայաստան էր եկել Բամբակաշատ գյուղում աներոջ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Նույնիսկ չէր հասցրել Սարդարապատ՝ հայրական տուն մտնել:
Ըստ գյուղացիների, սպանության օրը Արմենը նպատակ ուներ բացել հայրական տան 2 տասնամյակ առաջ փակված դռները: Երբ իր կնոջ տատի տանից կնոջ հետ դուրս են եկել փողոց, հնչել է 2 կրակոց և մահացու վիրավորել Արմենին:
Արմեն Եփրեմյանն ունի 2 զավակ՝ 12 և 4 տարեկան: Ռուսաստանում դատապարտվել, ապա պատիժ է կրել կալանավայրում մարդկանց առևանգելու համար:
Սպանության մեջ կասկածվող Արմավիրի ոստիկանություն բերման ենթարկված 21-ամյա Նժդեհ Ենոքյանը օրենքով գող Գոռ Ենոքյանի հարազատ եղբոր Ցոլակ Ենոքյանի որդին է: Ըստ սարդարապատցիների, Գոռ Ենոքյանին տարիներ առաջ Մոսկվայում առևանգել են և մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեն, և չեն բացառում, որ ուղիղ կապ կա օրենքով գող Գոռ Ենոքյանի առևանգման և Արմեն Եփրեմյանի սպանության միջև: