Ներդումները 2019 թ-ին Արմավիրի մարզում կավելանան

Բնակարաններ կստանան հրդեհված շենքի բնակիչները

Փոխհատուցում կստանաան կարկուտից տուժած գյուղացիական տնտեսությունները

Մեկ տարի առաջ Արմավիր քաղաքի Սիլիկյան թիվ 1 հասցեում գտնվող, 30-ականներին կառուցված, 4-րդ կարգի վթարային շենքը անհայտ պատճառով հրդեհվեց և շենքի 10 ընտանիք փողոցում հայտնվեց՝ չհասցնելով նույնիսկ իր հետ վերցնել փաստաթղթերը, առաջին անհրաժեշտության ու թանկարժեք իրերը։

Այդ ժամանակ կառավարությունը որոշեց այդ ընտանիքների համար 6 ամիս ժամկետով բնակարաններ վարձակալել։ Մեկ տարի անց հրդեհված շենքի բնակիչները սեփական բնակարաններն ունենալու հնարավորություն են ստանում։ Այս մասին պաշտոնավարման մեկ տարվա աշխատանքն ամփոփելու ընթացքում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Մոտ 20 տարի է, բնակարանների պահանջով տարբեր բնույթի բողոքի ակցիա է իրականացնում Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային շենքի 22 ընտանիք: Տարեսկզբին այս ընտանիքները ներխուժեցին գյուղի դպրոցի շենք և հայտարարեցին, որ այստեղ կբնակվեն, քանի դեռ չի լուծվել իրենց բնակարանների հարցը։

Արմավիրի մարզպետը նշեց, որ երկար քննարկումներից հետո այդ ընտանիքների հետ եկել են համաձայնության, որպեսզի գյուղում հողատարածքներ հատկացվեն և բնակարաններ կառուցվեն։

Աջակցության են սպասում նաև Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները, ովքեր հուլիսին տեղացած կարկուտի պատճառով կորցրել են իրենց  բերքը։ Հուսահատ գյուղացիները փակել էին Երևան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը։

Արմավիրի մարզպետն անդրադարձավ մարզի գյուղատնտեսական ոլորտում արձանագրված հաջողություններին։ Նրա խոսքով, մթերվել է կրկնակի քանակությամբ խաղող, 10 դրամով ավելացել է  մթերման գինը՝ դառնալով մեկ կիլոգրամը 150 դրամ։ Մարզում ավելացել են նաև նորագույն տեխնոլոգիաներով մշակվող հողատարածքները։ Մոտ 1400 հեկտարի վրա կհիմնվեն ինտենսիվ այգիներ։