Արմավիրի մարզի տասնյակ գյուղերի անասնապահներ և մսավաճառներ բողոքի ակցիա էին կազմակերպել Արմավիր – Երևան մայրուղու հարևանությամբ, Մրգաշատ համայնք տանող ճանապարհին։ 2 ժամ տևած բողոքի ակցիայի ընթացքում գյուղացիները պնդում էին, որ սպանդանոցների մասին որոշումը հապճեպ է և ունի մի շարք թերություններ։ Անասնապահների խոսքով, նախ Արմավիրի մարզում գործում է ընդամենը մեկ սպանդանոց՝ Էջմիածին քաղաքում, եթե անասնապահը մարզի Քարակերտ կամ Երվանդաշատ համայնքից անասունը հասցնի սպանդանոց, առնվազն 50-60 կմ ճանապարհ է անցնելու։ Դա հավելյալ տրանսպորտային ծախս է։ Բացի դա, սպանդանոցները հրաժարվում են խոզի միս ընդունել։ Անասնապահները հավելյալ ծախս և կորուստ են համարում սպանդանոցի ճանապարհածախսը, մորթելու համար վճարվող գումարը, իսկ որ նրանց համար ամենակարևորն էր՝ անասունի ենթամթերքը, որի մեջ մտնում է անասունի գուխը, կաշին, ոտքերը, սիրտը, թոքերը, սպանդանոցը չի վերադարձնում գյուղացուն, ինչը, գյուղացու հաշվարկով, մեկ անասունի դեպքում մոտ 50-60 հազար դրամի կորուստ է։

Տանձուտցի Տիգրան Հակոբյանը 10 խոզ ունի։ Սպանդանոցում հրաժարվել են մթերել միսը։ Ասում է նախ պետք է մարզը ապահովել սպանդանոցներով, հետո հետևել, որպեսզի գյուղացին միսը մթերելու խնդիր չունեա։ Բացի դա, նրա խոսքով, առնվազն անհնարին է ու վտանգավոր 300 կգ կշռող անասունը գոմից դուրս բերել ու մեքենայով տեղափոխել սպանդանոց։

Գյուղացիները բողոքի ակցիան ժամանակավորապես դադարեցրին։ Կսպասեն մինչև օրվա վերջ։ Արմավիրի մարզպետը խոստացել է հարցը կառավարությունում քննարկել և գյուղացիական տնտեսությունների պահանջի մասին տեղեկություններ հաղորդել։

Եթե պահանջը չբավարարվի, գյուղացիները հայտարարեցին՝ ակցիան հունվարի 22-ին կշարունակվի։